Ավտոկայանատեղերի բիզնեսի շահութաբարությունն ընդամենը 10 տոկո՞ս է
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երևանում ավտոկայանատեղիներից հավաքագրվող գումարի 70 տոկոսը անցնելու է իրենց ՓԲԸ-ին. «Այդ 70 տոկոսը, որը քաղաքապետարանը տալու է մեր ՓԲԸ-ին, գնումների մասին օրենքի համաձայն հայտարարված մրցույթի արդյունքում գնման պայմանագրի շրջանակներում կազմակերպությունը ներկայացնելու է հաշիվ: Այդ հաշիվը 70 տոկոսի չափով, որ պիտի ներկայացվի, իր մեջ ներառելու է 16,67 տոկոս ԱԱՀ, ինչպես նաև այլ հարկատեսակներ: Այսպիսով, այդ ամենը հաշվի առնելով՝ կազմակերպությանը մնալու է ոչ թե 70 տոկոս, այլ հարկատեսակները հանած, շատ ավելի չնչին մասն է մնալու»: Ճշտող հարցին՝ հարկերը վճարելուց հետո որքան գումար է մնում ընկերությանը, Վազգեն Հարությունյանը պատասխանեց. «Շահութաբերությունը հաշվարկ կատարվել է մինչև 10 տոկոս»:
Լրագրողների դիտարկմանը, որ վարորդը կարող է նախօրոք վճարում կատարել, սակայն կայանելու ազատ տեղ չգտնել, Վազգեն Հարությունյանը նկատեց. «Ավտոկայանատեղին իրենից ներկայացնում է սահմանափակ ռեսուրս և պարտադիր չի, որ գաք, ազատ տեղ գտնեք…»:
Անդրադառնալով «ստայանշիկներին»՝ Վազգեն Հարությունյանն ասաց, որ նրանք մինչ այժմ գործել են անօրինական դաշտում: Նրանք պայմանագիր չունեին քաղաքապետարանի հետ, նրանց գումար չէին վճարում: Նա նշեց, որ այժմ կազմակերպությունն ունի 30-ից ավելի աշխատողներ, որոնց թիվը ավտոկայանատեղերի ավելացման հետ շատանալու է: