Բաժիններ՝

Հերթական «ռեցիդիվը». մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Հայաստանում ոչ մի աղանդավոր չի ընդունում, որ ինքը աղանդավոր է՝ պնդում է, որ միայն ինքն ու իր խումբն են գտել դեպի Աստված միակ ճիշտ ճանապարհը։ Ոչ մի կոռումպացված պաշտոնյա կամ պատգամավոր չի ասում, որ ինքը գողանում է՝ լավագույն դեպքում կընդունի, որ իր զոքանչի հորեղբոր որդին «բիզնեսներ ունի»։

Մեկն էլ առավել օրիգինալ է գտնվել՝ ասելով, որ իր հարստությունը կուտակել է այն ժամանսսկ, երբ պրոֆեսիոնալ մարզիկ էր. երևի Մայք Թայսոնն է եղել կամ Մարիա Շարապովան՝ մենք էլ չենք նկատել։ Ոչ մի կուսակցական քարոզիչ չի խոստովանի, որ զբաղված է քարոզչությամբ՝ նա իրեն, բնականաբար, արդարության մարտիկ է համարում։

Ճիշտ նույն ձևով ոչ միայն Հայաստանում, այլև որևէ այլ երկրում ոչ մի իշխանություն չի ընդունում, որ իր երկրում քաղբանտարկյալ կա։ Ավելին ասեք՝ այսօր կոմունիստ վետերաններ կան, որոնք վստահ են, որ Ստալինի ժամանակ միլիոնավոր մարդիկ գնդակահարվել և տարվել են «Գուլագ» այն պատճառով, որ զբաղված էին հակապետական գործունեությամբ և լրտեսությամբ։

Բոլոր երկրների իշխանություններն այս պարագայում ունեն ստանդարտ ձևակերպում՝ սա զուտ իրավական խնդիր է, քրեական գործ է հարուցված, դատարանը մեզ մոտ անկախ է (այդպես են սովորաբար կատակում իշխանությունները), պետք է հարգել դրա որոշումը: Դե, այդ դեպքում նույն ստալինյան «տրոյկաների» որոշումը նույնպես պետք է հարգել: Իսկ դրանից հետո՝ խորհրդային դատարանների որոշումները, որոնք ազատազրկման էին դատապարտում, օրինակ, Հայաստանի անկախության համար պայքարողներին (ինչն, իդեպ, չէր հակասում խորհրդային Սահմանադրությանը)՝ այդ որոշումներն էլ պետք է սրբությամբ ընդունենք:

Այդ ժամանակները, բարեբախտաբար, անցել են: Հուսով եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին, և դրանից հետո, նույնպես այլևս չի կրկնվի; Բայց «ռեցիդիվները» շարունակվում են, և Տիգրան Առաքելյանի ու նրա ընկերների գործը հենց այդպիսի «ռեցիցդիվ» է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս