Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Իրանը պետք է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկի՝ պատասխանելու համար իր միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության մոտ առկա խոր մտահոգությանը:
Այս մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարությունում: Դրանում ասվում է, որ Չակ Հեյգելն իր այդ հայտարարությունն արել է Վաշինգտոնում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի հետ հանդիպման արդյունքներով:
Հեյգելը շնորհակալություն է հայտնել Իրանին սահմանակից Ադրբեջանին՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության հաստատման գործում վերջինիս ունեցած ներդրման, ինչպես նաև դեպի Աֆղանստան ամերիկացի զինվորականների տարանցման հարցում ցուցաբերած օգնության համար:
Հեյգելն ու Աբիևը պայմանավորվել են ահաբեկչության դեմ պայքարում, զինվորական բարեփոխումների ոլորտում և ծովային անվտանգության հարցում համագործակցության շուրջ: