
Տիգրան Առաքելյանը դատարանին միջնորդել է որպես վկա դատակոչել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. մամուլ

«Վերաքննիչ քրեական դատարանը երեկ սկսեց ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդել է դատարանին փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը, սակայն միջնորդությունը մերժվել է: Մյուս միջնորդությունը՝ որպես վկա դատակոչել լրագրողներ Անի Գևորգյանին, Վահագն Հովակիմյանին և Հայկ Գևորգյանին, դատարանը բավարարել է»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Տիգրան Առաքելյանը դատարանին միջնորդել է որպես վկա դատակոչել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, սակայն դատարանը վաղաժամ է համարել այդ միջնորդությունը: «Ինչո՞ւ Ալիկ Սարգսյանին», ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանն ասաց.
«Քննության ընթացքում հակասություն առաջացավ տուժող ոստիկանների ցուցմունքների և Ալիկ Սարգսյանի հայտարարությունների միջև: Ոստիկանները պնդում էին, որ նախկին ոստիկանապետին իրենք դեպքից հետո չեն հանդիպել, իսկ Ա. Սարգսյանն ասուլիսում հայտարարել էր, որ անձամբ հանդիպել է տուժողների հետ և դեպքի մանրամասներն իմացել է նրանցից: Ակնհայտ է, որ Ալիկ Սարգսյանը սույն գործով կարևոր վկա է, և Տիգրան Առաքելյանի միջնորդությունը հիմնավոր է ու տրամաբանված»: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 9-ին»: