ԱՄՆ-ը նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հայտարարել է Ջեյմս Ուորլիքին (James Warlick) ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ նշանակելու մասին: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:

Քերին հայտարարել է, որ Ուորլիքն առաջնակարգ դիվանագետ է. «Ես վստահ եմ, որ նա զգալի աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում: ԱՄՆ-ը նախկինի նման ամուր հավատարիմ է նրան, որ կողմերին օգնի հասնել Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ ու խաղաղ կարգավորմանը»:

Նշվում է, որ Ուորլիքն իր նոր գործառույթների կատարմանը ձեռնամուխ կլինի սեպտեմբերից: Նախկինում նա աշխատել է որպես Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ և ԱՄՆ-ի ու Աֆղզանստանի միջև անվտանգության վերաբերյալ երկկողմանի համաձայնագրի կնքման գծով գլխավոր բանագնաց: 2009-2012 թվականներին էլ Ուորլիքը հանդիսացել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպան:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռոբերտ Բրադտկեն իր առաքելությունն ավարտեց նախորդ տարվա դեկտեմբերին: Դրանից հետո՝ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր դարձել Յան Կելին: ԱՄՆ պետդեպարտամենտը խոստացել էր, որ նոր համանախագահը կնշանակվի մեկ տարվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս