Թուրքիայի սահմաններից դուրս ոչ ոք իրավունք չունի հանդես գալ «Էրգենեքոնի» գործով դատավճռի դեմ. Էգեմեն Բաղըշ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը մեկնաբանել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով երեկ կայացված դատավճիռները.
««Էրգենեքոն» կազմակերպության կողմից ռազմական հեղաշրջման փորձի գործի շրջանակներում մեղադրյալների նկատմամբ կայացված դատավճիռները վկայում են Թուրքիայում ժողովրդավարության զարգացման մասին:
«Էրգենեքոնի» շրջանակներում կայացված դատավճիռները նպաստում են նաև Թուրքիայի ու ԵՄ-ի միջև լիիրավ անդամակցության վերաբերյալ բանակցությունների առաջխաղացմանը:
Թուրքական դատարանը վճռել է, որ «Էրգենեքոնը» ահաբեկչական կազմակերպություն է, և ոչ ոք Թուրքիայում կամ նրա սահմաններից դուրս իրավունք չունի հանդես գալ այդ որոշման դեմ»:
Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանը «Էրգենեքոնը» ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Կազմակերպության անդամները դատապարտվել են 1-20 տարվա ազատազրկման, իսկ պարագլուխները՝ 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման: