«Եթե Տարոն Մարգարյանին ասվեր, թե՝ Դուք յոթ տարի առաջ գիծ ունեի՞ք, ապա միանշանակ կասվեր՝ այո»
Արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կասյան փողոցի մոտակայքում, բացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:
Եվ, որպեսզի բացումը հանդիսավոր լինի, կազմակերպիչները իրենց հետ տարել էին նաև երգի ու պարի խմբեր, ովքեր մի քանի երգ են կատարել:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «տոնին» չի մասնակցում: Ինչո՞ւ քաղաքապետը ներկա չէր հարցին, նրա տեղակալ Արամ Սուքիասյանն ասել է. «Չգիտեմ ով է ձեզ ասել, բայց ներկա չգտնվելը պայմանավորված է նրա զբաղվածությամբ: Եվ կարծում եմ, որ միշտ չպետք է, որ քաղաքապետը ներկա լինի, առաջին անգամ, որ բացվել է, անշուշտ ներկա եղել է, որպես առաջին իրադարձություն ներկա եղել է»:
Արամ Սուքիասյանը պատասխանել է նաև Galatv.am-ի այլ հարցերի: Հարցին, թե՝ «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու քաղաքապետարանի մոտ նստացույց իրականացնող ակտիվիստները պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները, ինչո՞ւ Տարոն Մարգարյանը ընդառաջ չի գնում այդ պահանջին, Ա. Սուքիասյանը տվել է հետևյալ պատասխանը. «Այսինքն ի՞նչ պիտի անի, որ ընդառաջի»:
Դիտարկմանը, թե այն հասարակության պահանջն է, նա արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ դա հասարակության պահանջ է, դա մի որոշակի խմբի պահանջ է ու մոտեցում է, ընդ որում, սրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել, առաջարկվել է այդ մարդկանց հետ զրուցել, ովքեր պարբերաբար մերժում են այս կամ այն քննարկումը, հանդիպումը, մասնակցությունը և շատ հաճախ խոսում են ուլտիմատումով: Իսկ պահանջների հետ կապված դեռ պետք է հասկանալ, թե դրանք որքանով են արդարացված, որքանով է այդտեղ տրամաբանություն, մոտեցումը չպետք է դառնա կամայական»:
«Հստակ պատասխան կլինի, երբ որ հանձնաժողովը, ինչպես գիտեք հանձնաժողով է ձևավորվել, երբ հանձնաժողովը իր եզրակացությունը կտա, այդ թվում մասնագետներով և շահագրգիռ կողմերով հանձնաժողովը, տարբեր քաղաքական ուժերով նաև, պիտի մասնագիտական եզրակացություն տրվի և հստակ որոշում կայացվի, կարծում եմ մինչև տարեվերջ կկայացվի որոշումը»,- ասել է Տարոն Մարգարյանի օգնականը՝ պատասխանելով այն հարցին, թե հասարակական տրանսպորտի սակագնի կարճման վերաբերյալ որոշումը երբ հստակեցում կունենա:
ԳԱԼԱ-ն Արամ Սուքիասյանից նաև հետաքրքրվել է, թե երբ է վաճառել Երևանի քաղաքապետն իր գիծը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռևս յոթ տարի առաջ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասել է, որ իր որդին գծատեր է, մինչդեռ գործող քաղաքապետն ասում է, որ ինքը գծատեր չէ: Ա. Սուքիասյանն արձագանքել է. «Դժվարանում եմ ասել՝ երբ է վաճառել, այդ գիծ ասվածը միայն գիծ չէ, դա ՍՊԸ է, որը մի քանի բիզնես գործառույթներ է իրականացրել: Գիտեք, ես էլ յոթ տարի առաջ ունեի մի հատ BMW, հիմա ունեմ մի հատ Գոլֆիկ, այսինքն յոթ տարվա պատմություն ունեցող որևէ բանը և երբեմնի կարծիքը՝ Անդրանիկ Մարգարյանի հնչեցրած, չի ենթադրում նույն իրավիճակներ: Հարցը տրվել էր ներկա ժամանակի համար, այս ժամանակահատվածի համար ասվել է՝ ոչ: Իսկ եթե ասվեր, թե՝ Դուք յոթ տարի առաջ ունեի՞ք նման կառույց, ապա միանշանակ կասվեր՝ այո»:
Արամ Սուքիասյանը հերքել է մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե Տարոն Մարգարյանը նեղ շրջապատում ասել է, որ ուզում է Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալ: «Սա առնվազն հերյուրանք է և անլուրջ մոտեցում: Չեմ կարծում, որ այդպիսի հայտարարություն երբևէ արված լինի»:
Galatv.am, Փայլակ Ֆահրադյան: