Կարկուտից տուժած բնակչին 50.000 դրամ փոխհատուցում են տվել. «Ասին՝ դրանով բավարարվի. սկած վիճակ ա» (տեսանյութ)
alttv.am-ի փոխանցմամբ՝ Նոր Կեսարիայում կամ, ինչպես նախկինում էր գյուղն անվանվում, Գերան սովխոզում նախկինում զբաղվում էին խորդենու մշակությամբ: Սեփականաշնորհումից հետո ոչ միայն վերացան խորդենու ցանքատարածությունները, այլև խորդենու վերամշակման արտադրամասերը:
Նոր Կեսարիացիները հիմա էլ մեծ ցանկություն ունեն խորդենու մշակությամբ զբաղվելու, սակայն դրա ոչ պահանջարկը կա, ոչ էլ մթերման ու վերամշակման գործարանը: Գյուղում այժմ հիմնականում եգիպտացորեն, առվույտ ու սոխ են մշակում: Խնդիրներն ինչպես մյուս սահմանամերձ համայնքներում, այստեղ էլ՝ բազմաթիվ են: Դրանց գումարվեց նաև կարկուտը, որը այսօր գյուղացիներին փաստի առջև կանգնեցրեց: Գյուղացիների խոսքով՝ կարկուտը իսկական աղետ էր իրենց համար. հաց վաստակելու միակ եկամուտը՝ գյուղատնտեսությունն ու սպասված բերքը գետնին հավասարեցվեց: Գյուղացիներից մեկը պատմում է, որ կարկուտը վնասել է իր 1 հեկտար հողատարածքի բերքը, որի դիմաց իրեն ընդամենը 50.000 դրամ փոխհատուցում են տվել: «Էդ ա վերջ, ասին՝ դրանով բավարարվի: Դա ոչ դեղի փող բռնեց, ոչ էլ՝ պարարտանյութի: Ոչ մի բան էլ չեղավ»,- արդարացիորեն դժգոհում է գյուղացին:
«Այս տարի սկած վիճակ ա»,- դժգոհում է գյուղացին՝ հավելելով, թե գոյությունը պահպանելու համար պիտի «փախնեն»: «Եթե բան չեղավ, պիտի փախնենք, գնանք Ռուսաստանի խորքերը բանվորություն, բան անենք, ինչ ա՝ ընտանիքը կարանանք պահենք»,- ասում է հուսահատված գյուղացին: