Բաժիններ՝

Մաքսային միությունն ուժի մեջ է. ՌԴ-ից հետո Ղազախստանը կարող է արգելել ուկրաինական Roshen ընկերության արտադրանքի ներկրումը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ`Ռուսաստանից հետո այժմ էլ Ղազախստանը կարող է արգելել ուկրաինական Roshen կոնֆետների ներկրումը: Ղազախստանի սանիտարա-համաճարակաբանական վերահսկողության պետական հանձնաժողովի գլխավոր փորձագետ Մարալ Ռահիմժանովը հայտարարել է, որ Ղազախստանը կարող է արգելել Roshen ընկերության արտադրանքի ներկրումը:

Նա ընդգծել է, որ իրենք ստացել են Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) հաստատումը, որ Roshen-ի արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին, ինչից հետո Ղազախստանի սանիտարական ծառայությունը սկսել է համանման ստուգումներ:

Ռահիմժանովի խոսքերով` եթե պարզվի, որ տվյալ արտադրանքը չի համապատասխանում իրենց չափորոշիչներին, ապա դրա ներկրումը կկասեցվի: Նշվում է, որ ղազախ մասնագետներն ուկրաինական կոնֆետների ստուգման գործընթացը կավարտեն մեկ շաբաթվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս