Բաժիններ՝

Անկարայի դատարանը հրաժարվել է վերանայել Աբդուլլահ Օջալանի գործը

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ`Անկարայի` ծանր հանցագործությունները քննող 11-րդ դատարանը երեկ հրաժարվել է վերանայել և փակել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գործը:

Օջալանի փաստաբանները տվյալ հարցը բարձրացրել էին թուրք-քրդական հարաբերությունների կարգավորման ֆոնին և նախորդ շաբաթ դիմել էին դատարան` պահանջելով դադարեցնել Օջալանի քրեական հետապնդումը և նրան ազատել բանտից: Օջալանի փաստաբանները հաշվի էին առել վերջին տարիներին Քրեական օրենսգրքում կատարված ուղղումները, սակայն դա չօգնեց:

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է 1999 թվականի փետրվարի 15-ին, Քենիայում: Կարծիքներ կան, որ այդ հարցում թուրքական կողմին օգնել է իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայությունը: Դրանից հետո Օջալանին տեղափոխեցին Մարմարա ծովի Իմրալը կղզում գտնվող բանտ, ուր և նա ներկայումս ցմահ ազատազրկում է կրում:

Նշվում է, որ բանտը պահպանում է Ժանդարմերիայի 700 զինծառայող: Քաղաքացիական նավերին արգելված է 3 մղոնից ավելի հեռավորության վրա մոտենալ կղզուն: Օջալանի բանտախցի տարածքը կազմում է 11.81 քառակուսի մետր: Կղզում տեղակայված է 165 հեռուստախցիկ:

1999 թվականի հունիսի 29-ին թուրքական դատարանը Թուրքիայի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով («ահաբեկչական կազմակերպություն հիմնել և ղեկավարել») Օջալանին դատապարտեց մահվան: Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրդերի շրջանում և ԵՄ-ում, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999 թվականի նոյեմբերի 25-ին բեկանեց այդ վճիռը՝ այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ:

2010 թվականի ամռանը Թուրքիայի արդարադատության նախկին նախարար (1999–2002) Հիքմեթ Սամի Թուրքը, պարզաբանելով, թե ինչու ժամանակին իրենք մահապատժի չենթարկեցին Օջալանին, հայտարարեց, որ այն ժամանակ իրենք Օջալանի հետ միասին պետք է կախաղան բարձրացնեին ևս 60 հոգու, բայց քանի որ դրանով ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կվերածվեր կախաղանների երկրի, ուստիև իրենք հրաժարվեցին այդ գաղափարից:

2012 թվականի մարտի վերջին թուրք հայտնի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը գրեց, որ 2008 թվականի տվյալներով` Աբդուլլահ Օջալանին Իմրալը կղզու բանտում պահելը պետության համար տարեկան արժենում է 45 միլիոն լիրա (25 միլիոն դոլար): Ազատազրկման այդ 14 տարիներին Օջալանն ընթերցել է մոտ 2300 գիրք և պարբերական:

Ի դեպ, Աբդուլլահ Օջալանը դեռևս 2010 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ ինչպես ապրիլի 24-ն է հայերի համար, այնպես էլ փետրվարի 15-ը պետք է լինի քրդերի համար: Սակայն դա ասելով` Օջալանը նկատի է ունեցել ոչ թե 1999 թվականի փետրվարի 15-ին իր ձերբակալությունը, այլ` 1925 թվականի փետրվարի 15-ին քրդական ապստամբության ղեկավար, շեյխ Սայիդի ձերբակալությունը.

«Ինձ ձերբակալեցին փետրվարի 15-ին, ինչպես որ այն ժամանակ շեյխ Սայիդին: Հետաքրքիր է, որ ինձ մահվան դատապարտեցին հունիսի 29-ին, այսինքն` հենց այն օրը, երբ մահապատժի ենթարկեցին շեյխ Սայիդին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս