Ո՞ւմ կառաջադրի «Ժառանգությունը»
Արդյոք պատրաստվո՞ւմ է «Ժառանգություն» կուսակցությունը պատգամավորի թեկնածու առաջադրել սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 մեծամասնական ընտրատարածքում` ԱԺ պատգամավորի արտահերթ ընտրություններին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ի պատասխան այս հարցին, նշեց, որ կուսակցությունն արդեն քննարկել է այդ հարցը, սակայն այս պահի դրությամբ դեռ չի եկել ամբողջական որոշման:
«Բայց հարցը մնում է օրակարգում: Թեկնածուների հետ կապված` ասեմ, որ «Ժառանգության»` ձեզ հայտնի բոլոր ներկայացուցիչների, այդ թվում` Զարուհի Փոստանջյանի հարցը քննարկվել է: Ինչպես նաև թեկնածուների շարքում քննարկվել են կուսակցության` հանրությանը ոչ այնքան հայտնի ներկայացուցիչների անունները: Մասնակցել-չմասնակցելու հետ կապված վերջնական որոշում այս պահին դեռևս չկա»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ հարցին, թե արդյոք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կցանկանա՞ առաջադրել իր թեկնածությունը պատգամավորի թափուր մանդատի համար, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ չգիտի այդ հարցի պատասխանը:
«Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում, գտնում եմ, որ պետք չէ: Պարոն Հովհաննիսյանն այլևս այլ պատասխանատվության տակ է»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ թիվ 38 մեծամասնական ընտրատարածքում նշանակվեցին նոր ընտրություններ, երբ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո նոր մարզպետ դարձավ տվյալ ընտրատարածքից ընտրված հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանը: