Եվրաինտեգրացիան «շատ ավելի դժվարին ճանապարհ է Հայաստանի համար»

Հայաստանը կախվածության մեջ է Ռուսաստանից, սակայն ներկայումս ցանկություն կա փոխել այդ իրավիճակը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Լոնդոնում գործող հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկի՝ Chatham House-ի  Ռուսաստանի և Եվրասիայի բաժնի ղեկավար Ջեյմս Նիքսին:

Վերջինս, միաժամանակ, փաստում է, որ եվրոպական ինտեգրացիան շատ ավելի դժվարին ճանապարհ է Հայաստանի իշխանությունների համար և շատ ավելի մեծ քաղաքական կամք է պահանջում, քան ավանդական ռուսական կողմնորոշումը:

«Հայաստանը կախված է Ռուսաստանից մի շարք ձևերով, ներկայիս նախագահից առաջ պաշտոնավարած առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, արդյունավետ կերպով Ռուսաստանի Դաշնությանը վաճառեց մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվներ: Եվ թեև ես չեմ կարող մատնանշել որևէ առանձին ոլորտ, որտեղ Կրեմլը փոխել է Հայաստանի քաղաքական կուրսը՝ օգտագործելով իր ունեցած լծակները, բայց կարող եմ ասել, որ Ռուսաստանն ունի այդ ներուժը և կարող է գնալ այդ քայլին, եթե ուզենա»,- ասել է միջազգային անկախ փորձագիտական կենտրոնի վերլուծաբանը:

Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով զբաղվող Նիքսին ևս փաստում է, որ այժմ Հայաստանի իշխանությունները կանգնած են երկընտրանքի առջև և պետք է ընտրություն կատարեն Կրեմլի առաջարկած Եվրասիական միության կամ Եվրամիության Ասոցիացման համաձայնագրի ու ազատ առևտրի գոտու միջև: «Դրանք փոխադարձաբար հակասում են միմյանց, անհնար է  միաժամանակ ունենալ թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- արձանագրում է միջազգային փորձագետն ու մանրամասնում, որ միմյանց հետ անհամատեղելի տեխնիկական դրույթներից բացի՝ այս երկու համաձայնագրերը նաև տարբերվում են բովանդությամբ ու Հայաստանին առաջադրվող պահանջներով:

Կարդացեք նաև

«Եվրամիության Ասոցիացման համաձայնագիրն ու Ազատ և համապարփակ ազատ առևտրի գոտին պահանջում են կարևոր քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ, մինչդեռ Եվրասիական մաքսային միությունը այդ կարգի որևէ պայման չի դնում և որևէ կերպ կապված չէ երկրում ժողովրդավարության զարգացման կամ բարեփոխումների հետ: Այս առումով, Հայաստանի իշխանությունների համար եվրասիական ուղղությունը շատ ավելի դյուրին է, այդ դեպքում պաշտոնական Երևանը կստանա կարճաժամկետ տնտեսական օգուտներ, կնվազեցնի ռուսական կողմի ճնշումները, մինչդեռ եվրոպական ճանապահը շատ ավելի մեծ քաղաքական կամք ու հանձնառություն է պահանջում Հայաստանի կառավարությունից»,- ընդգծում է Ջեյմս Նիքսին:

Թե որ ճանապարհով կգնա պաշտոնական Երևանը, ըստ միջազգային փորձագետի, առայժմ հստակ չէ, և շատ բան կախված է Կրեմլի հնարավոր արձագանքից:

«Կարծում եմ՝ ոչինչ դեռևս վերջնականապես որոշված չէ, այո, հայկական կողմը հայտարարում է, թե պատրաստ է  Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ փաստաթղթերը, սակայն ռուսները ճնշում են գործադրում, և անհայտ է՝ ինչ ձևերով դեռևս դա կարող է արտահայտվել: Մենք իսկապես չգիտենք՝ ինչ աստիճանի տնտեսական ճնշում կարող է ռուսական կողմը բանեցնել՝ ճնշամիջոցների, կոռուպցիայի և Հայաստանում ունեցած ունեցվածքի օգնությամբ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Լոնդոնում գործող Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի բաժնի ղեկավար Ջեյմս Նիքսին:

Տեսանյութեր

Լրահոս