 
                        Վաշինգտոնին կհաջողվի անվտանգության համաձայնագիր կնքել Աֆղանստանի հետ. Ջոն Քերի
 
                                    France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնին կհաջողվի անվտանգության համաձայնագիր կնքել Աֆղանստանի հետ. «Մենք առաջ ենք գնում, մենք գործադրում ենք բոլոր ջանքերը: Ես անձամբ վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք»:
Այս մասին Քերին հայտարարել է Իսլամաբադում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ուր նա անսպասելի այցով ժամանել է երեկ երեկոյան: Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ը կրճատում է և ոչ թե երկրից դուրս է բերում ամերիկյան կոնտինգենտը:
Անվտանգության վերաբերյալ երկկողմանի համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունները Վաշինգտոնի ու Քաբուլի միջև սկսվել են այս տարեսկզբին: Պլանավորված է ՆԱՏՕ-ի հիմնական կոնտինգենտն Աֆղանստանից դուրս բերել 2014 թվականի ավարտին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        