Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մզկիթի պայթյունի դաջվածքով տղամարդուն
BBC-ի փոխանցմամբ՝ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որի մարմնին եղել է պայթող մզկիթի պատկերով դաջվածք՝ Boom գրությամբ: 39-ամյա տղամարդուն, որի անունը չի նշվում, կասկածում են ատելություն առաջացնելու մեջ:
Նշվում է, որ նա բնակվում է Անգլիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Սաութ-Շիլդս քաղաքում: Դաջվածքով տղամարդուն ձերբակալել են հուլիսի 20-ին Բիրմինգհեմում Անգլիական պաշտպանական լիգայի անցկացրած բողոքի ակցիայից հետո, որի ժամանակ նա լուսանկարվել էր՝ ցույց տալով իր դաջվածքը:
Ներկայումս նրան բաց են թողել գրավի դիմաց: Ընդհանուր առմամբ բողոքի ակցիային մասնակցել է մինչև 2000 մարդ: Ոստիկանությունը ձերբակալել է նրանցից 20-ին: Անգլիական պաշտպանական լիգան հասարակական կազմակերպություն է, որը հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի իսլամականացման դեմ: Իշխանությունների գնահատմամբ՝ կազմակերպությունն ունի մոտ 3000 անդամ: