
Բաչո Ախալայան արդարացվել է իր դեմ ներկայացված մեղադրանքներից մեկով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը զինծառայողներին բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ հասցնելու ու ապօրինի ազատազրկելու մեղադրանքով արդարացրել է Վրաստանի պաշտպանության նախկիննախարար Բաչո Ախալայային և Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի նախկին պետ Գիգի Կալանդաձեին:
Նրանցից բացի, տվյալ գործով արդարացվել են 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան, սերժանդ Ալեքսանդր Գորդաձեն, Մերաբ Կիկաբիձեն, Մանուչար Դարասելիան, Գեորգի Կինցուրաշվիլին և Պատիժների իրագործման դեպարտամենտի նախկին ղեկավար Գագա Մկուրնալիձեն:
Մեղադրանքն առնչվում էր 2011 թվականի հոկտեմբերին, երբ հետաքննության պնդմամբ՝ տվյալ ժամանակվա Պաշտպանության նախարար Բաչո Ախալայան Գեորգի Կալանդաձեի ու Զուրաբ Շամատավայի ներկայությամբ իր աշխատասենյակում բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել 6 զինծառայողի:
Չնայած տվյալ գործով արդարացմանը՝ Ախալայան շարունակում է մնալ ազատազրկման մեջ, քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դիտարկման ներքո մնացել է ևս երկու գործ: Դրանցից մեկն առնչվում է 2006 թվականի բանտային խռովությանը, իսկ մյուսը՝ Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին ծաղրելուն: