Մարդիկ շարունակում են ապրել մթության մեջ՝ առանց էլեկտրաէներգիայի
Քաշաթաղի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես հայտնի է՝ մինչև հիմա էլեկտրական հոսանքով ապահովված չեն։ Խոսքը Եղնագոմեր, Շրվական և Սպիտակաջուր գյուղերի մասին է, որոնք ընդհանուր մի համայնք են կազմում։ Այս մասին գրում է karabakh-open.info-ն:
Գյուղեր այցելության ժամանակ բնակիչները, որպես առաջնային խնդիր, ըստ կայքի՝ նշել են միայն էլեկտրական հոսանքի բացակայության մասին՝ հավելելով, որ մյուս խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, սակայն «առանց հոսանքի արդեն անհնար է»։
Բնակիչների ու համայնքի ղեկավարի հետ զրույցից պարզ է դարձել, որ մի քանի տարի առաջ գյուղերը սեփական փոքր ՀԷԿ-երի շնորհիվ լույս ունեցել են (այդ գյուղերից միայն Եզնագոմերում չկա գետ, հետեւաբար չկա նաեւ ՀԷԿ), սակայն այսօր Եզնագոմերում ընդհանրապես հոսանք չկա, իսկ Սպիտակաջրում այդ հոսանքով, բնակիչների հավաստմամբ, նույնիսկ հեռուստացույց չի միանում։ Քիչ, թե շատ հոսանքով ապահովված է Շրվական գյուղը, որտեղ էլ ապրում է համայնքի ղեկավարը, ով, ըստ բնակիչների, ինքն է տնօրինում հոսանքը, և այն օգտագործում է ինչպես ուզում է, իսկ բնակիչներին հասած հոսանքով մի կերպ կարողանում են սենյակում լամպ, լավագույն դեպքում՝ հեռուստացույց միացնել։
Ըստ կայքի՝ այսպես էր նաև տարիներ առաջ, երբ կողքի Սպիտակաջուրն էլ էր օգտվում Շրվականում բնակիչների ֆինանսական միջոցներով կառուցված ՀԷԿ-ից։ Գյուղը վերջին անգամ այս տարվա ամանորյա գիշերն է հոսանք ունեցել, այն էլ մի քանի ժամով։
Այս գյուղերի բնակիչները դժգոհում են համայնքի ղեկավարից, իսկ վերջինս իր հասցեին հնչեցված մեղադրանքներին ի պատասխան՝ նշում է, որ բնակիչների միջոցներով կառուցված ՀԷԿ-ի գեներատորը վաղուց անսարք վիճակում է, իսկ նորը ձեռք է բերել իր սեփական միջոցներով, և հոսանքի բաշխումն անձամբ է տնօրինում։ Նա էլ իր հերթին արդարանում է՝ նշելով. «Եթե լույս են ուզում՝ գային օգնեին ՀԷԿ-ի կառուցման ու գործարկման աշխատանքներին»: Խոսքը վերջին գեներատորի տեղադրման և մյուս աշխատանքների մասին է։
Ինչևէ, ըստ karabakh-open.info՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված է համայնքի ղեկավարից, ում հետ, ինչպես պարզվում է, գյուղացիներից շատերը «ընդհանուր լեզու չեն գտնում»։
Գյուղացիներն հիմա այլընտրանք չունեն՝ ընդհանուր գծից, որը Բերդիկ գյուղում է ավարտվում, հեռու են շուրջ 10 կմ։ Տարիներով սպասում են, որ ուր որ է՝ հոսանք կունենան, սակայն բոլոր պաշտոնյաների խոստումները, ընդհուպ՝ նախագահի, «մնացել են օդում»։
Գյուղերում ասում են, որ նախագահը նախընտրական հանդիպմանը խոստացել էր, որ նոր տարուց հոսանք կլինի, սակայն առայսօր «այս գյուղերում կենցաղային տեխնիկաների վրա սանտիմետրերով փոշի է նստած, իսկ էլեկտրական լարերն էլ մկներն են կրծել»։
Գյուղերի էլեկտրաֆիկացման և այդ հարցով ստեղծված լարվածության մասին հարցին վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ նշելով, որ շրջանի 4-5 գյուղերում չկա հոսանք, այդ թվում՝ նշված 3 համայնքում, որտեղ «միշտ հավաստիացնում էին, որ հոսանք կա։ Վերջերս, մինչև ձեր այցելությունը, արտադրական ենթակառուցվածքների նախարարը զեկուցել է, որ այնտեղ խնդիր կա, փոքր ՀԷԿ-ը կարծես չի աշխատում կամ աշխատում է խափանումներով, իսկ համայնքի ղեկավարի հետ կապվել ենք, ով ասել է, որ շուտով կլինի»:
Վարչապետի խոսքով, գյուղերն ընդհանուր ցանցին միացնելը նույնքան ներդրում է պահանջում, որքան նույն գյուղերում ՀԷԿ-երի կառուցումը։ «Եզնագոմերից 5-6 կմ հեռավորության վրա խոշոր ՀԷԿ-ի շինարարությունը շուտով կսկսվի, եւ արդեն անկախ այդ համայնքի ղեկավարի կատարած աշխատանքի՝ մենք այդ տարածքում ալընտրանք ենք ունենալու»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ վարչակազմի ղեկավարը զբաղվում է այդ գյուղերում տիրող իրավիճակով։ Թե կոնկրետ ե՞րբ կլուծվի նշված գյուղերի էլեկտրաֆիկացման հարցը՝ վարչապետը չի նշել։
Սակայն այսօր էլ՝ Եզնագոմերում շարունակում են ապրել առանց հոսանքի։
Անահիտ Դանիելյան
karabakh-open.info