Բաժիններ՝

Հանքարդյունահանման «գայլերը»

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ հանքարդյունահանման ոլորտի ձեռնարկությունները զգալիորեն ավելացրել են պետական բյուջե վճարած հարկերը: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակում առնվազն 15 հանքարդյունահանող կա, հիմնականում՝ պղնձի և ոսկու: Դրանք բոլորը միասին բյուջե են վճարել 29.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 20.4 մլրդ-ի փոխարեն: Հաշվի առնելով, որ միջազգային շուկայում մետաղների և ոսկու գները նվազել են, այս ավելացումը վկայում է այն մասին, որ ընդերքի շահագործումը շատ ավելի ինտենսիվ է եղել:

Հանքարդյունահանման ոլորտի առաջատարը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը խոշոր հարկատուների ցուցակի 2-րդ տեղում իր դիրքը կայուն պահում է: ԶՊՄԿ-ն այս կիսամյակում ավելի է վճարել մոտ 1.5 մլրդ դրամ հարկ (ընդհանուր՝ 12.8 մլրդ դրամ):

Անցած ամիսները չափազանց արդյունավետ են եղել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության համար, որն իր դիրքը և վճարած հարկերը մոտ կրկնակի ավելացրել է՝ 15-րդ տեղից բարձրանալով 7-րդ հորիզոնական և 2012-ի հունվար-հունիսի 2.4 մլրդ դրամի փոխարեն՝ այս կիսամյակում վճարելով 5.4 մլրդ դրամ:

Ուշագրավ է 12-րդ հորիզոնականում հայտնված «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն, որն անցած տարի ցուցակում, որպես այդպիսին, չկար, բայց դրա փոխարեն՝ ցուցակի 9-րդ հորիզոնականում էր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին», որը կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» ԲԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն էր և այս տարի հունիսին հրաժարվեց իր անունից ու դարձավ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»: Սակայն հարկերի առումով նվազում է գրանցվել՝ անցած տարվա կիսամյակի 3.86 մլրդ դրամի փոխարեն՝ այս տարի բյուջե է մուտք եղել 2.99 մլրդ դրամ: Սա, հավանաբար, պայմանավորված է անցած տարի ընկերության ունեցած խնդիրներով:

Կարդացեք նաև

30-րդ հորիզոնականում Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը մի փոքր ավելացրել է հարկերը և մոտ 1.4 մլրդ դրամի փոխարեն՝ այս տարի առաջին կիսամյակում վճարել է 1.7 մլրդ դրամ:

Մի քանի հարյուրական միլիոններով իրենց պարտավորություններն ավելացրել են նաև «Միկմետալը» (33-րդ տեղ, 1.54 մլրդ դրամ), «Արմենիան Քափըր Փրոգրամը» (33-րդ տեղ, 1.28 մլրդ դրամ), «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշնը» (137-րդ տեղ, 429 մլն դրամ), «Սագամարը» (143-րդ տեղ, 235 մլն դրամ), «Զանգեզուր Մայնինգը» (213-րդ տեղ, 252 մլն դրամ), Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատը (220-րդ տեղ, 240 մլն դրամ),

«Մաքուր երկաթի գործարանը» գրեթե կրկնակի ավելի հարկեր է վճարել (50-րդ տեղ, 1 մլրդ դրամ), «Թեղուտը» եռապատկել է իր վճարած հարկերը (91-րդ տեղ, 678 մլն դրամ), իսկ աճի տեմպի առումով ռեկորդակիրը «Մեղրաձոր Գոլդն» է, որը 7.5 անգամ ավելացրել է հարկերը (105-րդ տեղ, 577.4 մլն դրամ):

Ցուցակում կա նաև նորեկ՝ «Լեռ Էքս» ընկերությունը, որն անցյալ տարվա օգոստոսին է ստացել Սյունիքում Հանքասարի պղնձի և մոլիբդենի հանքավայրի շահագործման թույլտվությունը (381-րդ տեղ, 140 մլն դրամ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս