«Լիլիթ-2» ՍՊԸ-ի տնօրենի կինը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 29-ին տեղի կունենա 3 կին ամբաստանյալների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex տեղեկատվական համակարգից, մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի երեք կին բնակիչների՝ Հ. Հ.-ին, Է. Ս.-ին և Զ. Ա.-ին: Այսպես, Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Լիլիթ-2» ՍՊԸ-ի տնօրեն Մ. Գրիգորյանի կինը և ամուսնու մահից հետո փաստացի ղեկավարելով ՍՊԸ-ին պատկանող, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 11 հասցեում գտնվող «Լիլիթ» հյուրանոցային համալիրը, 2012թ. փետրվար ամսից մինչև 2012р. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում մատուցողուհիներ Է. Ս.-ի և Զ. Ա.-ի օժանդակությամբ հյուրանոցր պահել, ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
«Մատուցողուհիների հետ պայմանավորվածության համաձայն` գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար նրանց միջոցով 6000-ական ՀՀ դրամով պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ Հ. Հ.-ին, Լ. Շ.-ին, Հ. Բ.-ն, Ն. Բ.-ին, Հ. Ս.-ին, Ա. Հ-ին, Ա. Մ.-ին և այլոց, իսկ ստացված գումարը միանձնյա տնօրինել»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Ըստ dalaex-ի՝ Է. Ս.-ին և Զ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. փետրվար ամսից մինչև 2012թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատելով Հռիփսիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող, Աբովյան քաղաքի Սևանի 11 հասցեում գտնվող «Լիլիթ» հյուրանոցում` որպես մատուցողուհի, Հռիփսիկ Հարությունյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ հյուրանոցի հաճախորդներից 1 000-ական ՀՀ դրամ թեյավճար վաստակելու ակնկալիքով, այդ առումով հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, գումարի դիմաց սեոական հարաբերություն ունենալու համար պարբերաբար հյուրանոց են կանչել մարմնավաճառների: Նրանց առանձնասենյակները տրամադրել են 6000-ական դրամով, ստացած գումարը փոխանցել են Հ. Հ.-ին, օժանդակել են վերջինիս՝ նշված հաստատությունը երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելու համար պահելուն, ղեկավարելուն և օգտագործելուն:
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործով դատավորը Վաղինակ Մկրտչյանն է: