Շահերի բախում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենքի առնչությամբ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծին, որը թելադրված է 1995թ. ընդունված նախկին օրենքի մի շարք դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, երկրի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ օրինագծի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և չափորոշիչներին: Սակայն, ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, սույն օրենքի առնչությամբ շահերի բախում է նկատվել: Չնայած ապահովվել է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, բուռն քննարկումներ են եղել, որովհետև այս օրենքի նախագիծը նաև առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովում: «Այժմ մենք ստանում ենք ազդակներ մասնավոր հատվածից, բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք գտնում են, որ իրենց շահերն են ոտնահարվում այս օրենքով, և գտնում են, որ մենք միակողմանի նախապատվությունը տվել ենք բնապահպանական խնդիրներին: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև մենք մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ դեբատներ կազմակերպենք, լսենք նրանց կարծիքը, թե որոնք են այն նորմերը, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացումը, որպեսզի նաև Ազգային ժողով ներկայացնելիս երկու տեսակետները հավասարակշռված ձևով առկա լինեն մինչև օրենքի ընդունումը»,-շեշտել է Տիգրան Սարգսյանը: