Տարոնի պատասխանը վարչապետին. «Շատ էլ սիրուն ա»
Այսպիսով, իշխանությունը չի պատրաստվում զիջել Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում, չնայած բողոքի ակցիաներն ամեն օր՝ նախորդ օրվա համեմատ, նոր թափ են հավաքում: Համենայնդեպս, Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձը չի նվազելու: Տարոն Մարգարյանն, իհարկե, դա ուղիղ չի ասել, սակայն նրա անունից Երևանի քաղաքապետարանի տարածած տեքստում տեղ գտած երկար-բարակ ձևակերպումները խոսում են այդ մասին: Տարոն Մարգարյանը խոսել է սոցիալական բեռի, հասարակության խոցելի խավերի համար արտոնություններ սահմանելու մասին, բայց նրա ասելիքի գլխավոր միտքն այն է, որ 150 դրամը «վերջին գինն ա»:
Այսինքն՝ իշխանությունը որոշել է տեղի չտալ բողոքի ակցիաներին և «արտոնությունների մասին» ինչ-որ հեքիաթներով փորձում է սիրաշահել, կամ, ինչպես Գալուստ Սահակյանն է ասել, «զուսպ սիրել» հասարակությանը:
Թե ինչպե՞ս կընդունի բողոքող հասարակությունն այդ սերը, դժվար չէ պատկերացնել, հատկապես, որ նույն Գալուստ Սահակյանն այսօրվա ասուլիսում տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասին խոսելիս, չգիտես ինչո՞ւ, ասել է, որ վաղն էլ կարող է պահանջեն, որ «տղամարդը տղամարդու հետ ամուսնանա»: Ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանն ասուլիսի գնալիս արդեն տեղյակ է եղել, թե ինչ է հայտարարելու Տարոնը, և ենթագիտակցաբար ներկայացրել է այն հնարավոր արձագանքը, որը կարող է ուղղվել քաղաքային իշխանություններին (և ոչ միայն՝ քաղաքային) ուղեվարձն անփոփոխ թողնելու որոշման առնչությամբ:
Ի դեպ, Տարոն Մարգարյանը, բացի Երևանի ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ ասած խոսքից, այսօր ուղերձ է հղելու նաև հասարակությանը: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է նրա տեղակալը՝ Կամո Արեյանը: Բնականաբար, Տարոնն այդ ուղերձում փորձելու է կարդալ այն նախադասությունների վերաշարադրանքը, որը նրա օգնականները գրել են արդեն իսկ տարածված հաղորդագրության մեջ: Այսինքն՝ նա կրկնելու է, որ տրանսպորտի գինը մնալու է 150 դրամ, սակայն խոցելի խավի համար արտոնություններ են սահմանվելու:
Մի խոսքով, մոտ մեկ շաբաթ ընթացող բողոքի ալիքին ի պատասխան՝ Տարոնն ասել է՝ «չէ»: Ի դեպ, երեկ կանխատեսել էինք, որ կառավարության այսօրվա նիստում Տիգրան Սարգսյանը Տարոն Մարգարյանին մոտավորապես կասի, «Տարոն ջան, սիրուն չի», ինչը և տեղի է ունեցել այսօրվա նիստում. վարչապետը երկարաշունչ ելույթ է ունեցել քաղաքացիական հասարակության կարևորության, նրանց ձայնը լսելու մասին: Բայց, փաստորեն, Տարոն Մարգարյանը մերժել է Տիգրան Սարգսյանին: Համենայնդեպս, նրա այսօրվա ասածներն ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ նշանակում են. «Տիգրան ջան, շատ էլ սիրուն ա»: