Բաժիններ՝

Ինչպես վրացիները օգնեցին ՀՀ կառավարությանը՝ ծխախոտի հարկը բարձրացնելու հարցում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները: «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, և այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երևանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, ինչը հնարավորություն կտա մեզ սոցիալական խնդիրներ լուծել»:

Տիգրան Սարգսյանն առանձին անդրադարձել է օղու և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմանը։ «Կարևոր է նաև այն, որ երբ խոսքը վերաբերում էր օղու և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմանը, միշտ փաստարկ էր բերվում, որ եթե հարևան երկրներում գները ցածր լինեն, դա կհանգեցնի ստվերային շրջանառության: Հիմա ինձ տեղեկացնում են, որ մեր հարևանները նույնպես մտադիր են բարձրացնել ակցիզային հարկերը: Նաև այդ տեսակետից է պետք խնդիրը քննարկել, որպեսզի կարողանանք լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունների որոշմամբ՝ ակցիզային հարկը այս երկրում 25%-ով կբարձրանա այս տարվա սեպտեմբերի 1-ից։ Ինչպես գրել էինք՝ վրացական շուկայում գործողընկերությունները դեմ էին այս նախաձեռնությանը և նշում էին, որ դրա արդյունքում վրացական շուկայում կավելանա մաքսանենգ ճանապարհով Հայաստանից ներմուծված ծխախոտի ծավալը։ «Այսօր Հայաստանում ծխախոտի գինն ավելի ցածր է, քան Վրաստանում։ Օրինակ՝ 1 տուփ Winston-ը Հայաստանում արժե 90 ամերիկյան սենթ, իսկ Վրաստանում՝ 1.2 դոլար։ Ակցիզային հարկի 25%-անոց բարձրացումից հետո այդ տարբերությունն ավելի կմեծանա։ Իսկ դրա արդյունքում մեծանում է վտանգը, որ Հայաստանից Վրաստան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ կներկրվի, ինչը կնվազեցնի բյուջեի եկամուտները»,- ասել էր Japan Tobacco International (JTI)-Կովկաս ընկերության կորպորատիվ հարցերի և հաղորդակցության գծով տնօրեն Նիկոլոզ Մչեդլիշվիլին։

Փաստորեն՝ իրենց այս քայլով վրացիները ՀՀ իշխանություններին ակցիզային հարկը բարձրացնելու հիմք տվեցին, իսկ ՀՀ իշխանությունները՝ ակցիզային հարկը բարձրացնելու մասին իր հայտարարությամբ փակեց վրացական կառավարության ընդդիմախոսների բերանը։

Կարդացեք նաև

Հայ-վրացական փայլուն բարեկամության դրսևորում՝ ես քեզ, դու ինձ սկզբունքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս