Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն ողջունել են Ասոցացման համաձայնագրի շուրջ Վրաստանի հետ բանակցությունների ավարտը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հաստատել և ողջունել են ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի, այդ թվում նաև համապարփակ և խորը ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ավարտը:
ԵՄ-ի անդամ 27 երկրների արտգործանախարարների խորհուրդը 2010 թվականին Եվրահանձնաժողովին մանդատ էր տրամադրել Ասոցացման մասին երկկողմանի համաձայանգրի ստորագրման շուրջ Վրաստանի հետ բանակցություններ վարելու համար:
Էշթոնի և Ֆյուլեի տարածած համատեղ հայտարարությունում նշված է. «Սա շատ կարևոր փուլ է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Վրաստանի համար, որը Վրաստանի համար ճանապարհ է հարթում դեպի եվրոպական ընդհանուր արժեքներ, քաղաքական ասոցացիա ու բարեփոխումներ՝ հենված ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրման վրա:
Այդ համաձայնագիրն անմիջականորեն դրականորեն ազդելու է Վրաստանի քաղաքացիների առօրյա կյանքի վրա և նրան մոտեցնելու է ԵՄ-ին»:
Բրյուսելում այժմ ակնկալում են, որ Ասոցացման մասին համաձայնագիրը նախաստորագրվելու է 2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովում: Նախաստորագրումից և տեխնիկական ընթացակարգերից հետո տեղի կունենա համաձայնագրի ստորագրումը: