Ավարտվել են ազատ առևտրի շուրջ Վրաստանի ու ԵՄ-ի միջև բանակցությունները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ավարտվել են խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ Վրաստանի ու ԵՄ-ի միջև բանակցությունները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին.
«Այսօր մենք պաշտոնապես կարող ենք հայտարարել, որ համաձայնեցված են ազատ և համապարփակ առևտրի մասին ԵՄ-ի հետ բանակցությունների վերջին դետալները: Դա շատ կարևոր քայլ է նոյեմբերին Վիլնյուսում պլանավորված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ:
Այդ համաձայնագրով նախատեսվում է ոչ միայն սակագների ազատականացում, այլև վրացական արտադրանքի ու ծառայությունների համար եվրոպական շուկա դուրս գալու հարցում առկա տեխնիկական արգելքների վերացում:
Շատ կարևոր է, որ դա ընդգրկում է 28 երկիր, որոնցում բնակվում է ավելի քան կես միլիարդ մարդ: ԵՄ-ն այսօր Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 28 միլիարդ դոլար, որից 24 միլիարդ դոլարը բաժին է ընկնում ներկրմանը»: