Թուրքիան պահանջում է, որ Իսրայելը «Մավի Մարմարա» նավի գրավումը ճանաչի որպես հանցանք
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ «Մավի Մարմարայի» միջադեպի զոհերի ընտանիքներին Իսրայելի կողմից փոխհատուցում վճարելու շուրջ բանակցություններն արգելակել են.
«Դրա պատճառն այն է, որ իսրայելական կողմը չի ցանկանում իրեն մեղավոր ճանաչել կատարած հանցանքում: Իսրայելը պահանջում է, որ փոխհատուցման վճարումը գնահատվի որպես գթասրտության կամավոր ակտ և ոչ թե հակաիրավական գործունեության համար վնասի փոխհատուցում:
Իսրայելի իշխանությունները պնդում են նման ձևակերպման շուրջ՝ նախադեպ չստեղծելու համար: Թուրքիան չի պատրաստվում կատարել այդ պահանջը: Թուրքական կողմը պահանջում է, որ գումարը վճարվի հենց որպես հակաիրվական գործողության փոխհատուցում:
Չկարգավորված է մնում Անկարայի ևս մեկ պահանջ. Գազայի հատվածում պաղեստինցիների կենսամակարդակի բարձրացման հարցում համագործակցության հարցը»:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 6-ին թուրքական ու իսրայելական պատվիրակությունները համաձայնեցրել էին փոխհատուցման շուրջ համաձայնագրի նախնական տարբերակը: Սակայն դրանից հետո առաջընթաց չգրանցվեց:
Մայիսի վերջին իսրայելական Haaretz թերթը գրեց, որ Իսրայելը յուրաքանչյուր ընտանիքի առաջարկում է 100.000 դոլար փոխհատուցում, մինչդեռ թուրքերը պահանջում են տասնապատկել այդ գումարը՝ հասցնելով 1 միլիոն դոլարի: