«Ամեն օր թաղում է, ամեն օր դիակ են բերում, մեր երեխեքն ամբողջ օրը դա են տեսնում»,- ասում են փարաքարցիները
Փարաքարի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ Սուրբ Հարություն եկեղեցում երբ է պսակադրություն եղել, մինչդեռ գրեթե ամեն օր եկեղեցում հոգեհանգստյան արարողություն է: Բացի նրանից, որ հարևանությամբ անընդհատ թաղման արարողություն տեսնելը, մեղմ ասած, հաճելի չէ, դրան գումարած՝ անընդհատ խցանումներ են առաջանում, ու գյուղացիները խնդիրներ են ունենում փողոցում կայանած մեքենաների տերերի հետ:
«Բերում են, իրանց մեքենաները շարում են, եկեղեցին հենց մայթին է, դե, մարդիկ են, գալիս են, ցավակցում են, ո՞նց կարաս ասես՝ մի՛ եկեք, բայց մյուս կողմից էլ՝ մենք էլ չենք կարողանում շարժվել: Խցանումներ են առաջանում: Բերում են տան դիմաց մեքենա են կայանում, ո՞նց մտնես եկեղեցի, ասես՝ էս մեքենան ո՞ւմն ա, եկե՛ք հանեք»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհում է փարաքարցի Ռուդիկը:
Բացի խցանումից, բնակիչների խոսքով՝ կարծես անընդհատ գերեզմանոցում լինեն, հոգեհանգստյան արարողության մասնակից:
«Ի վերջո, ինչքա՞ն կարելի է տանից դուրս գալ և տեսնել ծաղկեպսակներ, վշտի մեջ լացող մարդիկ, դագաղ ու դիակ: Հավատացե՛ք, մեկ, երկու… և այդ ամենն արդեն ազդում է քո հոգեկանի վրա, նեղվում ես, վատանում»,- ասում է Ամալյան՝ ավելացնելով, որ իր դստեր ծննդյան օրը եկեղեցու բակում հոգեհանգստյան արարողություն էր: «Տանը լիքը հյուրեր կային, ո՛չ կարողացանք ուրախանալ, ո՛չ երաժշտություն միացրեցինք, ինչպե՞ս ուրախանայինք, երբ հարևան եկեղեցում դիակ է դրված, ու մարդիկ լացում են: Շատ դժվար է»,- ասում է նա:
Նրանք այս խնդրով մի քանի անգամ դիմել են գյուղապետարան, սակայն այնտեղից պատասխանել են, որ այս հարցով օգնել չեն կարող: Սուրբ Հարությունն այն եզակի եկեղեցիներից է, որտեղ թույլատրվում է հոգեհանգստյան պատարագ մատուցել, բացի այդ, եկեղեցին Մայր աթոռինն է, ու գյուղապետարանը որևէ իրավասություն չունի արգելելու հոգեհանգստյան արարողությունների իրականացումը եկեղեցում:
Բնակիչները տարակուսանքի մեջ են. նրանք չեն կարող արգելել հոգեհանգստյան արարողությունները եկեղեցում, սակայն չեն էլ կարողանում այդ պայմաններում և այդ մթնոլորտում ապրել: «Մնացել ենք շվարած, ամեն օր թաղում է, ամեն օր դիակ են բերում, մեր երեխեքն ամբողջ օրը դա են տեսնում»,- ասում են նրանք:
Բնակիչների բողոքն արդարացված է: Նախ՝ եկեղեցին հենց մայթին է գտնվում և հարմար չէ նման արարողությունների համար, քանի որ հատուկ տարածք չկա ավտոկայանման համար, բացի այդ, եկեղեցին բնակարանների հարևանությամբ է ու նաև, հաշվի առնելով հոգեհանգստյան և թաղման արարողությունների ճնշող մթնոլորտը, որոնց գրեթե ամեն օր ականատես են լինում փարաքարցիները, գուցե եկեղեցին թույլ տա որևէ այլ եկեղեցո՞ւմ իրականացնել հոգեհանգստյան արարողությունները, որը կունենա համապատասխան ավտոկայանատեղի, և հարևանությամբ էլ բնակարաններ չեն լինի:
Արմավիրի մարզ