Գյումրիում որոշ ապրանքատեսակներ թանկացել են
Գազի գնի բարձրացման հետ կապված հնարավոր թանկացումների մասին զրուցեցինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արտակ Առաքելյանի հետ:
168.am-ի այն հարցին, թե գազի գնի թանկացումը որքանո՞վ է ազդել ապրանքների, հատկապես՝ առաջին անհրաժեշտության և սպառողական զամբյուղի մեջ ներառվող ապրանքների գների փոփոխության վրա, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Գազի գնի փոփոխությունն, իհարկե, իր ազդեցությունը կթողնի ապրանքների գների փոփոխության վրա` լինելով արտադրական գործոն, վերջինիս գնի փոփոխությունը բերելու է համապատասխան ապրանքների և ծառայությունների գների փոփոխության: Ինչպես գիտենք, սպառողական զամբյուղի կազմում ներմուծվող ապրանքների թիվն ավելի մեծ է, քան տեղում արտադրվող ապրանքներինը:
Ահա, մենք ականատես եղանք Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը 50 տոկոսով, դրան զուգահեռ՝ բարձրացել են գներն էլեկտրաէներգիայի գծով, ու դա իր հիմնական բացասական ազդեցությունը թողնելով սոցիալապես անապահով շերտի վրա` ակնառու կլինի մանավանդ ձմռանը, ջեռուցման շրջանում:
Շիրակի մարզի դեպքում այս խնդիրը հատկապես սուր է, քանի որ այստեղ աղքատության ամենաբարձր մակարդակն է` մոտ 48 տոկոս, երբ ընդհանուր առմամբ Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 37 տոկոս է: Գազի գնի փոփոխություններն ուժի մեջ են մտել հուլիսի 7-ից, ուստի այս ամսվա կտրվածքով վիճակագրական տվյալներ դեռ չկան, կլինեն օգոստոսի սկզբին, սակայն այն փաստը, որ գների փոփոխությունը կազդի մի շարք ապրանքների գնային փոփոխության վրա, անհերքելի է: Աճի տենդենց արդեն զգացվել է՝ հացի և կաթնամթերքի գների հետ կապված»:
Հարցին, թե ի՞նչ միտումներ կան` կապված ապրանքատեսակների գների բարձրացման հետ ապագայում` պարոն Առաքելյանը պատասխանեց. «Ժամանակային խզման տեսանկյունից գազի և էլեկտրաէներգիայի գների ներկայիս փոփոխություններն իրենց մասին խոսել կտան որոշակի ժամանակ հետո: Ինչպես նշեցի՝ ձմռան շրջանում, մանավանդ մեր մարզի սոցիալապես անապահով շերտի համար, չափազանց բարդ է լինելու, քանի որ, եթե գոնե մինչև հունվարի 1-ը մենք անվանական եկամուտների աճի ականատես չենք լինելու, ապա գնային նման փոփոխություններն ինքնաբերաբար կբերեն բնակչության իրական եկամուտների նվազման, ուստի կարելի է ասել, որ բնակչության գնողունակությունը ցածր է հիմա և էլ ավելի կնվազի ապագայում: Ինչքան էլ բարձրանան սպառողական զամբյուղի ապրանքների գները, բնակչությունը, միևնույն է, ձեռք է բերելու տվյալ ապրանքները, սակայն ավելի քիչ քանակությամբ»:
Գյումրի քաղաքի մի քանի միջին և խոշոր խանութների ապրանքների գներն ուսումնասիրելով՝ կարելի է նշել, որ հիմնականում ավելացել են կաթնամթերքի գները, միջինը՝ 20-40 դրամով, չհաշված այն, որ կաթնամթերքի գծով գնային փոփոխություններ եղել էին դեռևս գազի գնի բարձրացումից առաջ: Փոփոխվել են հիմնականում կաթնաշոռի, մածունի, կաթի, թթվասերի, ինչպես նաև՝ պանրի որոշ տեսակների գները:
Քաղաքում որոշ արտադրողների կողմից փոփոխության է ենթարկվել նաև կարագի գինը: Հետաքրքիրն այն է, որ գազի գնի փոփոխությունը պատճառաբանելով՝ նաև այնպիսի ապրանքատեսակներ են թանկացել, որոնք, որպես այդպիսին, կախված չեն գազի գնի փոփոխությունից:
Ըստ «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար: Այս դեպքում ինչպե՞ս է լինում, որ նվազագույն աշխատավարձի` թեկուզ և փոփոխված չափը` 45.000 դրամ, զգալիորեն տարբերվում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից, որը գերազանցում է 50.000 դրամը: Սրանք բազային հարցեր են, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել, և համեմատելով գնաճի տեմպերն աշխատավարձի աճի տեմպերի հետ` այս հարցերը դեռևս երկար են մնալու անպատասխան:
Գյումրի