Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի քարտուղար. «Մեզ մոտ վայրենիներ չեն աշխատում, որ փողոցում մարդ ծեծեն»
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօր հայտարարել էին, որ Շենգավիթ վարչական շրջանում ակտիվիստներից մեկին, ով հրաժարվել էր 150 դրամ վճարել հասարակական տրանսպորտի համար, ծեծի են ենթարկել հենց տեղի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները:
168.am-ի հետ զրույցում, սակայն, թաղապետարանի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Ղալեչյանը հերքեց ակտիվիստների կողմից արված հայտարարությունը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հրապարակումից հետո ինքն անձամբ հայտարարության իսկությունը ճշտելու համար` աշխատակիցների շրջանում հարցում է անցկացրել ու եկել է այն եզրահանգման, որ իրենց վարչական շրջանում, այն էլ` իրենց աշխատողների մասնակցությամբ նման դեպք չի գրանցվել.
«Մեր աշխատողները որևէ առնչություն չեն կարող ունենալ նման դեպքերի հետ: Ես զարմանում եմ նրանց վրա, ովքեր հայտարարություններ են անում կազմակերպության մասին, առանց ճշտելու կամ հիմքեր ունենալու` չմտածելով հետևանքների, բարոյական վնասի մասին»:
Հ. Ղալեչյանի հավաստմամբ, իրենց աշխատակազմը բաղկացած է 120 հոգուց, որոնց թվում չկա մի տղամարդ, ով աղջկան փողոցում ծեծելու կամ կնոջ վրա ձեռք բարձրացնելու ընդունակ լինի: «Աղմկահարո՞ւյց է այս դեպքը, թե՞ ոչ, մեզ համար շատ վիրավորական է, որ առանց ճշտելու մեր անունն են տալիս: Այն մարդը, ով հայտարարել է այս մասին, պարտավոր է գալ ու հիմնավորել իր ասածը. մարդիկ փախած չեն, թող գա ու մատնացույց անի ծեծողին… Ես համոզված եմ, որ մեզ մոտ նման մարդիկ չեն աշխատում ու նման դեպք չի եղել: Ես հանձնարարական ունեմ վարչական շրջանի ղեկավարի կողմից` մեր աշխատակիցների շրջանում պարզել այս դեպքի մանրամասները և արդյունքում ես, վստահեցնում եմ Ձեզ, որ նման դեպք չի եղել:
Օրեկան հարյուրավոր մարդիկ են մեզ մոտ մտնում, դուրս գալիս ու չէի ցանկանա, որ մարդկանց մոտ տպավորություն ստեղծվեր, որ թաղապետարանում վայրենիներ են աշխատում, ովքեր կարող են փողոցում մարդ ծեծել: Նման բան ո՞նց կարող է լինել»,- պարզաբանեց նա: