Ով է փորձում է տիրանալ «Հին Էրիվանի» շենքին
Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Մկրտչյանի նախագահությամբ, ավարտեց «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության և Մանվել Տեր-Առաքելյանի՝ ընդդեմ «Յունիբանկ» ՓԲ ընկերության հայցի քննությունը:
Հայցվոր կողմը դատարանից խնդրում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով մերժվել էր «Յունիբանկին» բռնագանձել Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող «Հին էրիվանի» շենքը:
Մանվել Տեր-Առաքելյանը «Հին Էրիվանի» շենքի սեփականատերն է: 2007թ. և 2008 թ. նա, լինելով նաև «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, «Յունիբանկից» վերցնում է 2 վարկ՝ 900 մլն (13% տոոկսադրույքով) և 300 մլն (16% տոկոսադրույքով) գումարով: Առաջին պայամանագրի գումարի դիմաց գրավադրվում է «Հին Էրիվանի» շենքը: Երկրորդ վարկի պայմանագիրը գրավով չի ապահովվում: 2009թ. բանկի և ընկերության միջև կնքվում է համաձայնագիր՝ վարկի մարման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ: Սակայն բանկը պնդում է, որ համաձայնագիրը ստորագրված ուղարկվել է ընկերություն, որտեղից չի ստացել ստորագրված և կնքված:
Նիստի ընթացքում դատավոր Ա. Մկրտչյանը մերժեց հայցվոր կողմի նիստը հետաձգելու միջնորդությունը՝ «Հին Էրիվան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի արձակուրդում լինելու պատճառաբանությամբ, քանի որ դրան համաձայն չէր «Յունիբանկի» ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը: Վերջինս պնդեց, որ Արա Զոհրաբյանի փոխարեն կարող էր ներկա լինել թվով երկրորդ շահերի ներկայացուցիչը: Հ.Հարությունյանը նաև նկատեց, որ դատարանն արդեն 6 ամիս է քննում է գործը և դրա հետագա ձգձգումն ընդունելի չէ:
Վերաքննիչ դատարանի վճիռը կհրապարակվի հուլիսի 26-ին:
168.am-ի հետ զրույցում Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը հայտնեց, որ «Յունիբանկը» պահանջում է բռնագանձում տարածել 2 վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համար, սակայն ժամկետանց պարտավորություններ չկան, իսկ բանկը հրաժարվում է իր կնքած համաձայնագրից: Ըստ Կ. Բաղդասարյանի՝ բանկն իրավասու է բռնագանձել «Հին Էրիվան» ՍՊԸ-ի գույքը, ոչ թե՝ ֆիզիկական անձ Մանվել Տեր-Առաքելյանի:
Նկատենք, որ թեև Մանվել Տեր-Առաքելյանը վարկային պայմանագրերի կնքման ժամանակ «Հին Էրիվան» ՍՊԸ-ի տնօրենն է եղել, սակայն որպես անշարժ գույքի միանձնյա սեփականատեր համաձայնություն չի տվել գույքը գրավադրելուն:
«Բանկը փորձում է բռնագանձում տարածել ֆիզիկական անձի գույքի վրա, որն առնչություն չունի «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների հետ: Չի կարող ֆիզիկական անձ սեփականտերը ընկերությանհ ամար պարտավորություն վերցնել և կրել, ՍՊԸ-ն պատասխանատու է իր անձնական գույքով»,- նշեց Կ. Բաղդասարյանը՝ նաև հավելելով, որ ընկերությունը և Մանվել Տեր-Առաքելյանը երբեք չեն հրաժարվել կատարել իրենց վարկային պարտավորությունները, առաջարկել են հաշտություն, սակայն բանկը միտումնավոր կերպով է փորձում շենքը բռնագանձել:
«Յունիբանկի» ներկայացուցիչ Հ.Հարությունյանը հրաժարվեց 168.am-ին որևէ հարցի շուրջ մեկնաբանություն տալ, քանի որ, ըստ նրա, դա կարող է դիտվել դատարանի նկատմամբ որպես ազդեցություն գործելու փորձ. «Կարծում եմ, մեկնաբանություններ կարելի է կատարել գործի ավարտից հետո»: