Գազի գնի բարձրացումն ամենաշատը մտահոգում է Ամասիայի բնակիչներին
Որո՞նք են Ամասիայի առաջնային հիմնախնդիրները: Բնակիչներն այս հարցին պատասխանելիս՝ միաբերան ասում են. «Էստեղ ամեն ինչն էլ հիմնախնդիր է, էլի»: Բնակիչները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ գազի վերջին թանկացումները սարսափելի կերպով ազդում են առանց այն էլ ծանր վիճակում գտնվող գյուղի վրա: Գազի թանկացման հետ կապված՝ գյուղի բնակիչներն ասում էին. «Ամասիայում ձմեռը վեց ամիս է տևում, բոլորն էլ դա լավ գիտեն, ուրեմն ինչպե՞ս է լինում, որ մենք ու երևանցիները նույն գինն ենք վճարում: Էնտեղ ձմեռ չեն տեսնում, չգիտեն՝ ի՞նչ է նշանակում՝ վեց ամիս ձյան մեջ խեղդվել, ոչ էլ պատկերացնում են, թե ինչքան դժվար է գյուղացիներին էս թանկացումների տակից դուրս գալը»:
Ծանր եղանակային պայմանները և դրանից բխող բոլոր հետևանքներն Ամասիայի բնակիչներին ևս ստիպում են դիմել արտագնա աշխատանքների: Գյուղի բնակիչների մեծ մասը, այդ թվում՝ երիտասարդները, մեկնում են արտագնա աշխատանքների. ով հետ է գալիս, ով` ոչ: Գյուղի ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է, որն էլ, ըստ բնակիչների, շահութաբեր չէ: Բնակիչները նշում են, որ խորհրդային տարիներին գյուղն ավելի ծաղկուն վիճակում էր գտնվում, կային գործարաններ, որոնք ապահովում էին համապատասխան աշխատատեղեր, երիտասարդությունն էլ չէր փախչում գյուղից` հստակ գիտակցելով, որ տեղում էլ հնարավոր է ապրուստի փող վաստակել: Չնայած դրան, գյուղում ներկայումս գործում են Ամասիայի պանրի գործարանը, կարի գործարանը, կա գործող դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց: Բնակիչների գանգատները կապված էին նաև կարտոֆիլի բերքի դժվար իրացման խնդրի հետ:
Գյուղացիների ճնշող մեծամասնությունը վարկառու է տարբեր բանկերում: Չնայած նրան, որ վերջին տարիներին պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի որոշակի հատվածը, բնակչությունն, ամեն դեպքում, վստահությամբ չի վերաբերվում գյուղատնտեսական վարկերին: Կաթի մթերման գնի տատանումները ևս գյուղացիների համար մեծ խնդիր են: Վերջին տարիներին կաթնատվության ծավալները գյուղում աճ են գրանցել, սակայն, դրա հետ մեկտեղ՝ գյուղացիներից կաթ մթերելու գնի նվազումը, որին ականատես եղանք հունիս ամսին, ևս ստիպում է գյուղացիներին հիասթափվել ու բռնել արտագաղթի ճանապարհը:
Գյումրի