Ռումբ է վնասազերծվել Բրազիլիայի այն վանական համալիրում, ուր վաղը պետք է պատարագ մատուցի Հռոմի պապը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի ոստիկանությունը Սան Պաուլու նահանգի վանական համալիրում վնասազերծել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Անհայտ անձն այն թողել է Ապարեսիդա քաղաքում գտնվող այդ վանական համալիրի ավտոկայանատեղիի արտաքնոցում:
Վաղը տվյալ վանական համալիրում պետք է պատարագ մատուցի Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը, ով առաքելական և պետական այցով գտնվում է Բրազիլիայում: Բրազիլիա մեկնելուց առաջ Պապը ցանկություն էր հայտնել այցելելու Ապարեսիդա: Վերջինիս վանական համալիրում պայթուցիկ սարքը հայտնաբերվել է հուլիսի 21-ին:
Պապի այցի նախաշեմին համալիրի տարածքում ստուգումներ են իրականացրել զինվորականները, որոնք էլ հայտնաբերել են պայթուցիկը: Փորձագետների կարծիքով՝ պայթուցիկ սարքը չի ունեցել մեծ հզորություն ու բարձր խոցելիություն և գտնվել է այն գոտում, որը հեռու է գտնվում այն վայրից, ուր ենթադրաբար պետք է գտնվեր Հռոմի պապը:
Նշվում է, որ Հռոմի պապը տեղավորվել է Ասունսիոն նստավայրում, իսկ նրա անվտանգության ու հանգստի համար պատասխանատուներին բաժին է ընկել անսովոր աշխատանք: Բանն այն է, որ նստավայրի բոլոր պատուհանները պետք է մշտապես փակ լինեն, քանի որ նստավայրը բոլոր կողմերից շրջապատված է արևադարձային բուսականությամբ, որոնց վրա բնակվում են մեծ թվով կապիկներ: Վերջիններս կանոնավոր կերպ սնունդ փնտրելու նպատակով մուտք են գործում շենք:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը երեկ Ռիո դե Ժանեյրոյում՝ Գուանաբար նստավայրում, հանդիպել է Հռոմի պապի հետ: Այդ վայրից ոչ հեռու ընկած տարածքում անցկացվել է բողոքի ակցիա, ինչն ավարտվել է զանգվածային անկարգություններով: