Բաժիններ՝

Ցուցարարները` Տիգրան Սարգսյանին. «Եթե դու ապիկար ես, ուրեմն հեռացի´ր» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա` ընդդեմ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման: «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցներին մեծ դժվարությամբ հաջողվեց ճեղքել ոստիկանական պատնեշը և հասնել քաղաքապետարանի մուտքի մոտ, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չնայած ցուցարարների պահանջին, այդպես էլ դուրս չեկավ շենքից (եթե, իհարկե, նա ընդհանրապես այնտեղ էր):

Շուտով ակցիայի ղեկավարները որոշեցին դադարեցնել ցույցը քաղաքապետարանի առջև և երթով շարժվել դեպի Կենտրոնի ոստիկանության բաժանմունք, որտեղ այս պահին գտնվում են բերման ենթարկված 3 ակտիվիստներ (ավելացնենք, որ քիչ առաջ ոստիկանների կողմից բերման են ենթարկվել ևս 6 ակտիվիստներ):

Երթն անցավ ՀՀ կառավարության շենքի կողքով: Այստեղ էլ ցուցարարները, օգտվելով առիթից, փորձեցին իրենց ձայնը հասցնել կառավարությանը և վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ակտիվիստներից մեկը նկատեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետևում է ակցիայի մասնակիցներին իր գրասենյակի պատուհանից: Իսկ Հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, իր հերթին դիմելով Տիգրան Սարգսյանին,  ասաց. «Արի, բացատրություն տուր քո քաղաքացուն: Եթե դու ապիկար ես, ուրեմն հեռացի´ր: Մենք` ՀՀ քաղաքացիներս, դժգոհում ենք կառավարության քաղաքականությունից…Հերիք եղավ, բոլ եղավ, եկեք պատասխան տալու»:

«Տիգրա´ն, հեռացի´ր»,- անմիջապես լսվեց երիտասարդների պահանջը:

Կարդացեք նաև

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս