Բաժիններ՝

Լոռիում գրանցվել է խոզերի պաստելիոզ հիվանդություն

Հունիս-հուլիս ամիսներին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 3 գյուղերում` Հագվի, Շամլուղ և Աքորի, գրանցվել է խոզերի պաստելիոզ հիվանդություն. Հագվիում` 3, Շամլուղում 2, Աքորիում 1 տնտեսություն: Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է հունիսի 6-ին` Հագվիում, վերջինը` հուլիսի 7-ին:

3 համայնքներում հիվանդության հետևանքով ընդհանուր 70 կենդանու անկում է եղել: Ինչպես Սննդի անվտանգության ծառայության Լոռու մարզային կենտրոնից են հայտնում, հիվանդացած և անկված խոզերը տարբեր տարիքային խմբի են, հիմնականում` խոճկորներ: Հիվանդության օջախը ոչ թե համայնքներում է եղել, այլ անտառում: Հիվանդության առաջացման պատճառը վայրի կենդանիներն են, որոնցից ինֆեկցիան անցնում է ընտանի խոզերին: Իսկ նշված համայնքներն անտառին մոտիկ են, և, կերի պատճառով, ամռան ամիսներին խոզերն անտառում են պահվում: Պաստելիոզը պետական պատվերով  նախատեսված` կանխարգելվող հիվանդությունների մեջ չի մտնում, և խոզերը չեն պատվաստվում այդ հիվանդության դեմ:

«Դա մեզանից չի կախված, պետության վերցրած կուրսն է: Այն հիվանդությունները, որոնք ավելի վտանգավոր են, մեր պետության համար առաջնային ստրատեգիական նշանակություն ունեցող  հիվանդություններ են, վերցվում են այդ ծրագրի մեջ: Պետպատվեր միջոցառումների շրջանակում խոզերը միայն դասական ժանտախտ հիվանդության դեմ են պատվաստվում»,- ասում են Սննդի անվտանգության ծառայության մասնագետները:

Միաժամանակ տեղեկացնում են, որ նշված համայնքներում հիվանդությունն այլևս չի շարունակվում, նոր դեպքեր չեն գրանցվել, չնայած վերահսկողությունը դեռ շարունակվում է: Կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները. խոզերի շարժը նշված համայնքներում արգելվել է, հաշվառում է կատարվել` ով ինչքան խոզ ունի, և ախտահանություններ են արվել: Արգելվել է նաև խոզերի սպանդը և տվյալ համայնքներից դուրս խոզի մսի սպառումը: Խոզերի պաստելիոզ հիվանդություն Լոռիում գրանցվել է  նաև անցյալ տարի Գուգարքի տարածաշրջանում, դարձյալ ամռան ամիսներին: Անկում չի եղել, կենդանիները բուժվել են:

Կարդացեք նաև

Հագվիի գյուղապետ Հայկասար Մայիլյանն էլ ասաց, որ իրենց համայնքում հիվանդությունից 3 տնտեսություն է տուժել` 22, 15 և 6 քանակով, ընդհանուր` 43 խոճկոր է անկվել: Գյուղապետարանը տուժած ընտանիքներին օգնություն չի ցուցաբերի: «Այդ հիվանդությանը օգնություն չի հասնում, պաստելիոզ հիվանդությունն է, պետպատվեր չկա:  Բնակիչն ինքը պետք է դեղն առնի, սրսկումներն անի: Իհարկե չեն արել, եթե արած լինեին, այդպես չէր լինի: Թանկ չէ, պարզապես այդ հիվանդությունը մեզ մոտ չի եղել, նոր է, դրա համար էլ չեն արել»,- նշեց գյուղապետը և հավելեց, որ գյուղի բյուջեն փոքր է, չեն կարող աջակցություն ցուցաբերել բնակիչներին: «Որոշ բան կարող է օգնենք, բայց դա շատ չնչին է: Կարող է մեկին ուսման վարձը օգնենք` 10-20 հազար դրամ, մեկին՝ ֆինանսական օգնություն, բաներով, ոչ լրիվ, բայց դա էլ ավագանին է որոշում»,- ասաց գյուղապետը: Ավելացրեց նաև, որ այդ ընտանիքները սոցիալապես անապահով չեն, նորմալ ապրում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս