Ամառային դպրոց՝ ԲՈՒՀ-երի դեղագործության ֆակուլտետների ուսանողների համար
Դեղագործության ոլորտում կրթության որակը բարձրացնելու և կրթական հաստատություններում ուսուցանվող գիտելիքների ու գործատուի կարիքների միջև անհամապատասխանությունը հարթելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը սույն թվականի հուլիսի 1-ից 20-ը Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) անցկացրեց «Դեղագործության ոլորտի ամառային դպրոց» միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցեցին դեղագործության ոլորտն ուսումնասիրող 35 ուսանողներ` Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործընկեր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, ԵՊՀ-ից, Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական ինստիտուտից, Երևանի հայ-ամերիկյան «էրեբունի» պետական բժշկական քոլեջից, Գիտությունների Ազգային Ակադեմիաից, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից և ՀՊՃՀ-ից։
Դասընթացները վարող ոլորտի առաջատար մասնագետները ուսանողներին գիտելիքներ փոխանցեցին դեղագործության ոլորտի տարբեր ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ Գործունեության ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ), Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ), դեղագործության ոլորտում մտավոր սեփականության պահպանության առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ներկայացրեցին առանձին մասնագիտական ուղղությունների համար պահանջվող անհրաժեշտ հմտություններ։
Հուլիսի 12-ին, դասընթացի մասնակիցները այցելեցին «ԷՖ-ԴԻ-ԵՅ ԼԱԲ» սննդի և դեղերի փորձաքննության լաբորատորիա, իսկ հուլիսի 20-ին՝ Լիկվոր դեղագործական ընկերություն` նրանց աշխատանքներին և մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով։
Ամառային դպրոցի ավարտին շրջանավարտներին շնորհվեցին մասնակցության վկայականներ:
«Ամառային դպրոց» միջոցառումը անցկացվեց ԴԱՆ միության և վերոնշյալ ԲՈՒՀ-երի միջև կնքված համագործակցության հուշագրերի շրջանակներում։ Այն իրենից ներկայացնում է «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի երկրորդ փուլը։ Առաջին փուլը՝ «Կարիերայի օր» միջոցառումը, անց է կացվել սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Իսկ ծրագիրը կավարտվի սեպտեմբեր ամսին՝ «Կարիերայի տոնավաճառ» միջոցառմամբ։