Բաժիններ՝

Բերդավանցի կինը մի քանի անգամ ինքնասպանություն փորձ է արել

Հուլիսի 19-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Տավուշի մարզային փրկարարական վարչություն կրկին ահազանգ էր ստացվել մարզի Բերդավան համայնքից. բնակիչներից մեկն ինքնասպանության փորձ էր անում:  Ըստ ԱԻՆ հաղորդագրության, դեպքի վայր մեկնած մեկ մարտական հաշվարկը պարզել է, որ Նազելի Ա-ն, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել:

Հրշեջ-փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ, Նազելի Ա-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Սա, թերևս, կնոջ կողմից ինքնասպանության փորձի առաջին դեպքը չէ: Կինը բազմիցս է դիմել նման քայլի:

Խնդրի հետ կապված 168.am-ի թղթակցի հետ զրույցում Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն ասաց, որ ինքնասպանության փորձ կատարող կինը բնակվում է եղբոր հետ, ով ևս ունի հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ. «Կնոջ մոտ անհավասարակշռված վիճակ է, իր՝ նման քայլի դիմելն ինքը շատ հաճախ չի էլ կարողանում պատճառաբանել, անտրամաբանական բաներ ա ասում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գալիս է մի պահ, երբ կնոջ հետ խոսելը զարմանք է առաջացնում, քանի որ նա շատ խելացի կին է: Հոգեբուժարաններում չեն ընդունում ո՛չ կնոջը, ո՛չ էլ նրա եղբորը, պատճառը, ըստ համագյուղացիների` փաստաթղթերի և գումարի հետ է կապված: Գյուղապետն ասում է, որ կինը համագյուղացիների համար այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում, իսկ եղբայրն իրոք վտանգավոր է: Թե որքան պետք է շարունակվի այս իրավիճակը՝ ոչ ոք չգիտի, սակայն մի բան հստակ է, օրերից մի օր գյուղում ողբերգություն հաստատ տեղի կունենա, որից հետո գուցե պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն խնդրին:

Տավուշի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս