Ապահով Հայաստան

Այսպիսով, ինչպես և սպասվում էր, տրանսպորտը ևս պաշտոնապես թանկացավ՝ Երևանում ավտոբուսների ու երթուղային տաքսիների ուղեվարձը 100 դրամի փոխարեն՝ այսուհետ կլինի 150 դրամ: Մինչ այդ արդեն իսկ ուղեվարձը թանկացրել է նաև Երևանում գործող տաքսի ծառայությունների մեծ մասը, մթերային խանութներում վաճառվող գրեթե բոլոր ապրանքատեսակները ևս թանկացել են, ու այդ գործընթացը խոստանում է լինել շարունակական:

Մի խոսքով, Հայաստանում օրեցօր կյանքը դժվարանում է: Ամառային այս սեզոնին թանկացումների ազդեցությունը շատ մեծ չէ, քանի որ, ի հաշիվ բանջարեղենի, սնունդը համեմատաբար հասանելի է: Սակայն ընդամենը 3-4 ամիս հետո այս «սեզոնային թեթևությունն» ավարտվելու է. Արդեն աշնան վերջում, երբ մարդիկ ստիպված են լինելու ջեռուցման համար գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարել արդեն իսկ թանկացած սակագներով, վիճակն իսկապես անտանելի է դառնալու:

Այսինքն՝ Հայաստանում  գրեթե ամենօրյա ռեժիմով հասունանում է այն իրավիճակը, որը, որպես կանոն, հանգեցնում է «սոցիալական բունտ» կոչված երևույթի: Սակայն որքան ավելի են սրվում սոցիալական բունտին նպաստող գործոնները, այնքան ավելի բարձր են քաղաքական ուժերի կողմից հնչում այն հայտարությունները, թե Հայաստանում սոցիալական բունտ չի եղել և չի լինի: Որքան էլ զարմանալի է, այդ հիմնավորումը ներկայացնում են ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունը: Եվ եթե իշխանությունների համար սոցիալական բունտի բացառումն ինքնամխիթարանքի նշանակություն ունի, ապա ընդդիմության համար դա դառնում է ինքնաարդարացում: Ու մի դեպքում՝ ինքնամխիթարանքի, մյուս դեպքում՝ ինքնաարդարացման նպատակով տարիներ շարունակ հանրային գիտակցությունը ներարկվել է այն թեզով, թե սոցիալական բունտը հարիր չէ հայ հասարակությանը: Ընդ որում, դա արվել  և արվում է այնպիսի շեշտադրումներով, կարծես դա խոսում է հայ ժողովրդի բարձր գիտակցության, այլ ժողովուրդների նկատմամբ գերակայության մասին: Մինչդեռ իրականում դա, առաջին հերթին՝ վիրավորական է նույն հայ ժողովրդի նկատմամբ, քանի որ, երբ մի երկրում իշխանությունն առնվազն մի քանի անգամ վերարտադրվում է ամենակոպիտ խախտումներով, զոհերով ու քաղբանտարկյալներով, երբ երկրում բարգավաճում են միայն օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն ու բարգավաճում են հասարակության հաշվին, սոցիալական ընդվզման բացակայությունը վկայում է ոչ «բարձր գիտակցության», այլ հակառակը՝ հարմարվողականության, ստրկամտության մասին:

Իրականում Հայաստանում սոցիալական բունտ չի լինում նաև այն պատճառով, որ հասարակությունը չի տեսնում այն ուժին կամ ուժերին, որոնք կարող են ուղղորդել, առաջնորդել այդ ընդվզումը: Վերջին տարիներին Հայաստանում ընդդիմությունը կարողացել է բավականաչափ վարկաբեկվել ու հեղինակազրկվել՝ դրանով նպաստելով նաև սոցիալական բունտի բացառմանը: Իսկ դա նշանակում է, որ նպաստել են նաև արտագաղթին, քանի որ մեր հասարակությունն ընդվզելու փոխարեն՝ գերադասում է հեռանալ երկրից՝ իշխանության համար ստեղծելով իսկապես «Ապահով Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս