Այսօր ժամը 13։00-ին կհայտարարվի երթուղայինի նոր ուղեվարձը՝ 150 դրամ
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 18-ին, ժամը 13:00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա մամուլի ասուլիս: Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը, աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հ.Նավասարդյանը և հասարակության տրանսպորտային սպասարկում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն մայարաքաղաքում հասարակական տրանսպորտի սակագնի փոփոխմանն առնչվող հարցեր։ Մեր տեղեկություններով՝ ներկայացվելու են ոչ թե հարցեր, այլ պատասխաններ։ Մասնավորապես՝ հայտարարվելու են հասարակական տրանսպորտի նոր՝ թանկացած ուղեվարձի չափերը։ Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ տրանսպորտային ընկերություններ հուլիսի 10-ին դիմել էին Երևանի քաղաքապետարան տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու հայտով՝ պատճառաբանելով դրա անհրաժեշտությունը ոչ միայն գազի, պահեստամասերի և մնացած ապրանք-ծառայությունների թանկացմամբ։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ տրանսպորտը թանկանալու է 50%-ով։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ շաբաթ Հ.Նավասարդյանը անուղղակիորեն սահմանել էր նվազագույն շեմ՝ նշելով, որ գազը թանկացել է 20%-ով, սակայն տրանսպորտը կթանկանա ավելի զգալի չափով` միաժամանակ ավելացնելով, որ կրնակի թանկացում չի լինի։
Ենթադրում ենք նաև, որ 50%-անոց թանկացումը կներկայացվի որպես օպտիմալ գին։ Այսինքն՝ հասարակությունը պետք է շնորհակալություն հայտնի, որ ուղեվարձն ավելի զգալի չափով չի թանկացել։