Բաժիններ՝

Լենուղիի 120 բնակիչ ապրում է անմարդկային պայմաններում

Գյուղ Լենուղի, 4-րդ փողոցի թիվ 11, 12, 13 շենքեր կամ անիծվածների ու դժբախտների տարածք: Հենց այսպես են իրենց հասցեն ներկայացնում Լենուղիի բնակիչները` ավելացնելով, որ հասցեներից երկուսն էլ իրավական կարգավիճակ չունեն: Երեք հատ երկհարկանի շենքերը հասցե չունեն, բնակիչներն էլ` բնակարանների վկայականներ: Շենքերը կառուցվել են հեռավոր 1930-ականներին: Կառույցները նախագծվել են որպես հանրակացարաններ՝ առանց կոմունալ որևէ հարմարության: Խորհրդային տարիներին բնակիչներին խոստացել են, որ ժամանակի ընթացքում իրենց կապահովեն նորմալ բնակարաններով, սակայն խոստումների փոխարեն՝ տարածքի բնակիչները միայն ողբերգություններ ու աղետ են տեսել:

60-70-ական թվականներին տարածքում երկու անգամ խոշոր հրդեհ է բռնկվել, սակայն պետությունը որևէ կերպ չի օժանդակել շենքերի նորոգմանն ու ամրացմանը: Հերթական հարվածն արդեն կիսավեր շենքերին հասցվել է 1988-ի երկրաշարժին: Արդյունքում՝ շենքերը համարվեցին վթարային և ստացան չորրորդ կարգի աստիճան: Դա ենթադրում է, որ անգամ ամենափայլուն շինարարական աշխատանքն ու ամրացումները չեն կարող ճաքած ու մեջտեղից կիսված շենքերը փրկել: Հետևաբար, պետությունը պետք է փոխհատուցում տա, մինչդեռ  կառավարությունը լռում է: Լենուղիի բնակիչները բազմիցս են դիմել մարզպետարան` հարցը լուծելու պահանջով, սակայն անընդհատ ստացել են միևնույն պատասխանը` դիմեք կառավարությանը: Գործադիրն էլ այս հարցում դեռևս ցուցաբերում է երկմտանք ու չի կողմնորոշվում, թե երբ է իր հայացքն ուղղելու Լենուղիի բնակիչների խնդրին: «Որ երկրաշարժ եղավ, մեզ ասեցին՝ դուրս եկեք էդ շենքերից, վտանգավոր է, երկու ամիս վրաններում ապրեցինք, բայց դե ցուրտ էր, չդիմացանք ու նորից հետ քաշվեցինք մեր տները: Բա ի՞նչ անեինք, հիմա վախը սրտներումս ապրում ենք»,- պատմում են գյուղացիները:

Այսօր չորրորդ կարգի վթարային երեք շենքերում բնակվում է քսանինը ընտանիք` շուրջ հարյուր քսան հոգի: Այս ավերակներում ծնունդներ ու մահեր են գրանցվում, կյանքը շարունակվում է, սակայն՝ ամենամռայլ գույներով: Լենուղիի բնակիչներն իրենք իրենց շնորհել են հերոսի կոչում: «Իսկ ո՞վ կարող է առանց զուգարանի, բաղնիքի, ջրի, էս փոշու, ավերակի ու կեղտի մեջ տասնամյակներ շարունակ ապրել»,- ասում են նրանք ու փաստում, որ հերոսի այդ կոչումից բացարձակ երջանիկ չեն:

Գյուղապետ Գեղամ Ղազարյանը հավաստիացնում է, որ բոլորից լավ է հասկանում  բնակիչների խնդիրն ու ցավը: Տարիներ անց էլ դառնությամբ է հիշում, թե ինչ պայմաններում է ապրել: «Ես կարող եմ պատմել ոչ թե պայմանների, այլ պայմանների բացակայության մասին: Զուգարան չկա, ջուր չկա, աշնան ու ձմռանը կարծես բաց երկնքի տակ գտնվես, ոչ կարողանում ես տուն տաքացնել, ոչ կարողանում ես հանգստանալ, մի խոսքով, սարսափելի վիճակ է, բայց ի՞նչ արած, գյուղապետարանն իր փոքրիկ բյուջեով չի կարող այս հարցին լուծում տալ»:

Կարդացեք նաև

Երկհարկանի շենքերի տանիքները կամ փայտից են, կամ կիսավեր: Առաջին անձրևից հետո բնակիչները ստիպված են տանն անձրևանոցով շրջել, սենյակների անկյուններում տաշտեր տեղադրել: Անձրևից հատակը փտել է: Նկուղներում փայտյա սյուներ են տեղադրել, որպեսզի սենյակները չփլվեն: Տանն աշխատում են քիչ քայլել, հատակն այնպես է ճռռում ու ճոճվում, որ թվում է, թե սենյակները կբաժանվեն երկու մասի: Շենքերի հիմքերը նույնպես կիսավեր վիճակում են, ոչ միայն թեթև քամուց, այլև հարևան քաղաքում անցկացվող հրավառությունից շենքերը ճոճվում են:

Գյուղացիներն իրենց իրավիճակն անվանում են ողբալի: Ասում են` 21-րդ դարը, հարմարավետությունն ու մաքուր կյանքը միայն իրենց գյուղ չի եկել: Ապրում են կեղտի և գարշանքի հետ:

Տարածքի հարյուր քսան բնակչի համար նախատեսված է երկու զուգարան, այն էլ շենքերից դուրս՝ դիմացի մայթին: Զուգարանները երկու բանալի ունեն, որ հերթականությամբ փոխանցվում են հարևաններին: Բնակիչները ծաղրանքով ասում են, որ հաճախ հերթ են կանգնում՝ զուգարանից օգտվելու համար: Ամռանը զուգարաններն օգտագործում են նաև որպես բաղնիք, իսկ ձմռանը լողանում են կամ գոմերում, կամ տանը` տաշտի մեջ:

Շենքի դիմաց գտնվող փոքրիկ աղբյուրն էլ բնակիչներին ջրով է ապահովում: Օրական երկու ժամով ջուր են տալիս, ու բնակիչներն այստեղ էլ են հերթ կանգնում, որպեսզի ջուր կրեն: Հարսները պայմանավորվել են. օրական մեկն է լվացք անում, որպեսզի ջուրը բավականացնի:

Ծովինար Գասպարովան վեց անչափահաս երեխաների մայր է: Ասում է` օրական 10-15 անգամ ջուր է կրում, որպեսզի կարողանա լվացք անել, ճաշ եփել: Ծովինարի տասնմեկ հոգանոց ընտանիքը բնակվում է երկու սենյականոց բնակարանում: Ծովինարը դժվարանում է իր տան նկարագրին համապատասխան բառ գտնել: Ասում է` երեկոյան սենյակում, անկողնու մեջ խավարասերներ են վազվզում: Մի անգամ էլ մուկն է փոքրիկին կծել, ու միայն բժշկական միջամտությունից հետո է հնարավոր եղել արնահոսությունը կանգնեցնել:

Քալանթարյան Նաիրան Լենուղի հարս է եկել: Առաջին տպավորությունը շոկն էր, քաղաքի հարմարավետ կենցաղից հետո դժվարությամբ համակերպվեց անմարդկային այս պայմաններին: Նաիրան երկու որդի ունի: Մեծն առողջական լուրջ խնդիրներ ունի: Վիրահատությունից հետո բժիշկները խստիվ արգելեցին փոքրիկին՝ ապրել խոնավ պայմաններում: Ծնողներն այլ ելք չտեսան, քան որդուն տատիկի տուն` Մեծամոր ուղարկել: Այժմ երկրորդ որդու մոտ էլ սկսում են առողջական խնդիրներ ի հայտ գալ: Նաիրան պատմում է, որ ամուսնու աշխատավարձի մեծ մասը տալիս են վառելիքին, սակայն՝ անօգուտ:

«Էնտեղ վառում ենք, էնտեղ ցուրտ է: Որ կռիշ չլինի, սաղ օրը չռռոց լինի, պատերը խոնավությունից բորբոսել են, ինչքան ուզում ես՝ վառի, մեկ ա, բան չի փոխվում»,- պատմում է նա: Բնակիչների մեծ մասի մտահոգությունն էլ կենցաղային պայմաններից ձգվում է դեպի անձնական հարթություն, տղաներին չեն կարողանում ամուսնացնել: Ապագա հարսները հրաժարվում են այդ պայմաններում ապրել:

«Եկան տեսան մեր տան պայմաններն ու ասեցին, որ մեզ հարս չեն տա: Ասեցին՝ մեր աղջիկն էս պայմաններում ո՞նց կապրի»,- հիշում է Մանվել Գրիգորյանը՝ հավելելով, որ խնամիներին չի մեղադրում: Իրենք են իրենց պայմաններից նողկում, ինչպե՞ս կարող է ջահել աղջիկն ապրել մի տանը, որտեղ ոչ հատակ կա, ոչ առաստաղ, պատերը ճաքած են, ջուրը դույլերով են կրում:

Շենքի մեկ այլ բնակիչ՝ Հմայակ Խաչատրյանն էլ ցույց է տալիս նամակների տրցակը, որ ուղարկել են տարբեր գերատեսչություններ: Նրանց պատասխանել են, որ փող չկա, ու այսօրվա դրությամբ հնարավոր չէ իրենց խնդրին լուծում: «Բա որ մեր խնդրին չեք ուզում լուծում տալ, ո՞րն է ձեր գոյության իմաստը, որ ձեր հարյուրից ավելի քաղաքացիների անվտանգությունը չեք կարողանում ապահովել»,- ասում է Խաչատրյանը:

Շենքի բնակիչները հավաստիացնում են, որ, եթե մոտ ապագայում կառավարությունը ոչինչ չձեռնարկի, ապա իրենք կդիմեն գործնական քայլերի: «Կգնանք Կառավարության շենքի առաջ նստացույց կանենք, կամ էլ վրաններ կդնենք, էնտեղ կապրենք, մեկ ա, նույն վիճակն է: Թող կառավարությունը տեսնի ու ամաչի, թե իր քաղաքացին ինչ պայմաններում է ապրում»,- ասում են բնակիչները:

Գյուղացիների մի մասը թեպետ համամիտ է բողոքի ակցիա անցկացնելու գաղափարին, սակայն վստահ չէ, որ այդկերպ կկարողանան պետության ուշադրությունն իրենց խնդրի վրա ուղղել: Նրանք համոզված են` միայն դժբախտ պատահարից և զոհ ունենալուց հետո իրենց հարցին որևէ լուծում կտրվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս