Հրաչյա Հարությունյանը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է. պնդում է եղբորորդին

Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հարազատներն այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում նշեցին, որ Հրաչյան հոգեբանի օգնության  կարիք ունի: 168.am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի եղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, պարզաբանել է, թե ինչի՞ց են նման եզրահանգման եկել հարազատները:

– Արթո՛ւր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացիք, որ Ձեր հորեղբայրը հոգեբանի օգնության կարիք ունի: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Ունեմ տեղեկություն, որ միայն երեկ է ինքը տեղեկացված եղել՝ ի՞նչ է պատահել, քանի՞ զոհ կա, ու դրանից ինքն է՛լ ավելի վատ է սկսել զգալ իրեն: Մանրամասն տեղեկություններ ունեմ, որ ինքն արդեն սկսում է ուրիշ բաների մասին… Ինքը հաստատ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է: Ինքը չի գիտակցում՝ իր հետ ինչ է կատարվում: Մինչ այս ինքը չի գիտակցել, չի հասկացել՝ ինչ է իր հետ կատարվում: Ինքը դեղերի ազդեցության տակ է եղել: Երեկ միայն փաստաբանի հետ զրույցում ինքը մոտավորապես պատկերացում է կազմել՝ ինչ է եղել, ինքն ինչի դեմ է կանգնած:

– Ձեր խոսքում նաև ասացիք, որ Հրաչյային կանացի խալաթով դատարան տանելը որոշակի մեսիջ էր Հայաստանին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ էին ցանկանում փոխանցել Հայաստանին:

Կարդացեք նաև

– Չգիտեմ՝ կոնկրետ ինչ էին ուզում ասել: Ես քաղաքական գործիչ չեմ, թող զբաղվեն դրանով քաղաքական գործիչները:  Իսկ ինչո՞ւ եմ այդպես եզրակացնում, որովհետև խոսքիս մեջ ասացի, որ տեռորիստները շենքեր են պայթեցնում, գնացքներ են պայթեցնում, նավ են խորտակում, բայց նրանց հետ նման կերպ չեն վարվում: Ես չեմ լսել, չեմ տեսել նման դեպք ու չեմ կարծում, որ այդպիսի դեպք եղած լինի: Իսկ եթե չկա, չունենք նման ինֆորմացիա, միակն ենք այսքան ժամանակ՝ ուրիշ բան մտածել չեմ կարող:

– Ձեր հարազատներից որևէ մեկը պատրաստվո՞ւմ է մեկնել Ռուսաստան:

– Փոքր հորեղբայրս պատրաստվում է մեկնել: Երևի թե այսօր կմեկնի, ստույգ չեմ կարող ասել, այսօր իր հետ չեմ հանդիպել: Կարծում եմ՝ այսօր կմեկնի:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվայում»` Պոդոլսկի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել քաղաքային ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Դատարանի որոշմամբ՝ Հրաչյա Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է, իսկ կալանավորման մասին որոշում կայացնելիս՝ նրան դատարան էին ներկայացրել կանացի խալաթով: Այդ դեպքից հետո ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին` Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս