Բաժիններ՝

Հայկական մեղրի խնդիրներն ու ապագան. եվրոպական շուկան շուտով կբացի դռները

«Մեղրի համար նման առատ տարի եղել է մեկ էլ 1952 թվին, էս տարին շատ լավ տարի է, ուղղակի հիասքանչ…»,- ասում է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանը:

Նախկինում 1 մեղվաընտանիքը միջինը 7-10 կգ մեղր է տվել, իսկ այս տարի, Թ.Նազարյանի կանխատեսմամբ, սպասվում է միջինը 30 կգ: Հայաստանում մոտ 200 հազար մեղվաընտանիք է պահվում: Այսինքն, եթե ոչինչ չխանգարի, մոտ 6000 տոննա մեղր կունենանք: Սա ռեկորդ է, քանի որ անցած տարիներին արտադրվել է միջինը 1000 տոննա մեղր: Թեև առողջապահական նորմերով մարդը տարեկան պետք է օգտագործի 36 կգ մեղր, ու այդ հաշվարկով սեփական արտադրանքը չպետք է բավարարեր ներքին պահանջարկը, սակայն ՀՀ բնակչությունն արտադրվածն էլ չի սպառում՝ սոցիալական խնդիրների պատճառով: Այսօր ՀՀ-ում չորս հոգանոց ընտանիքը տարեկան սպառում է լավագույն դեպքում՝ 7-10 կգ: Եվ մեղվապահներն ուղիներ են փնտրում մեղրն արտահանելու համար:

Անցած տարի Հայաստանից մեղրի արտահանումը կտրուկ նվազել էր: ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով՝ 2012-ին ՀՀ-ից արտահանվել է ընդամենը 4.3 տոննա մեղր՝ 2011-ի 18.1 տոննայի փոխարեն: Սրա պատճառը մեր երկրում մեղրի դեֆիցիտն էր. տարին բարենպաստ չէր, և մեղր չափազանց քիչ էր ստացվել: 2013-ի եռամսյակային տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մեղրի արտահանումն արդեն ավելացել է մոտ 67%-ով՝ 1.2 տոննայի փոխարեն՝ հասնելով 2 տոննայի: Սա էլ՝ այն դեպքում, երբ հիմնական մեղրաքամը սկսվում է հուլիսից:

«Երևի բնությունը փոխհատուցում է անցած տարվանը, որ գոնե մարդիկ չքոչեն, մեղվաբույծները մնան Հայաստանում: Ղարաբաղում էլ վիճակը շատ լավ է, մարդիկ արդեն նույնիսկ տարաներ չունեն: Մինչև սեզոնի բացվելը՝ հուլիսը, օժանդակ բերքով 1 մեղվաընտանիքից 20 կգ ապահովել ենք»,- ասում է Թ.Նազարյանը:

Կարդացեք նաև

Նա հույս ունի, որ հայկական մեղրի շուկաներն այս տարի կընդլայնվեն և արտահանում կիրականացվի դեպի Եվրոպա և արաբական երկրներ: Նախկինում արտահանման փորձ է արվել ԱՄՆ շուկա, «Մուլտի Ագրո» ընկերությունն առաքել է 1.5 տոննա մեղր, բայց ինչ-ինչ պատճառներով՝ գործարքը շարունակություն չի ունեցել, պայմանավորվածությունները խախտվել են, և ամերիկացիները հրաժարվել են հայկական մեղրից: Մինչ օրս հիմնական շուկան Ռուսաստանն է, շատ քիչ քանակությամբ մեղր առաքվել է նաև Սիրիա ու Իրան:

Ներկայումս եվրոպական երկրներում մեղրի պահանջարկը մեծացել է. տարբեր հաճախականության ալիքներն ազդում են մեղուների վրա, և դրանց մոտ 75%-ը ոչնչացել է: Խնդիրն այնքան անհանգստացնող է, որ այս մասին նույնիսկ ՄԱԿ-ն է ահազանգում: Սակայն հայկական մեղրը մուտք չունի ԵՄ շուկա:

«Պետությունը նախադրյալներ չի ստեղծել, որ Եվրոպա որևէ կենդանական ծագման ապրանքի արտահանում իրականացվի»,- նշում է «Էկոգլոբ» հ/կ նախագահ Նունե Դարբինյանը, ով ՀՀ-ում օրգանական արտադրանքի միակ սերտիֆիկացնողն է:

Ցանկացած երկրում օրգանական մթերքը կրկնակի և ավելի թանկ է: Այժմ հայ մեղվաբույծների հետ աշխատանքներ են տարվում արտադրանքը սերտիֆիկացնելու համար: Օրգանական մեղրի պահանջարկը հատկապես մեծ է Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում: Ն.Դարբինյանը նշում է, որ շուկաներ գրավելու համար մեղվաբույծներին մարքետինգային ջանքեր են հարկավոր, ինչը չի արվում:

Հայ մեղվաբույծները, ովքեր, բացառությամբ 1-2 խոշոր արտադրողների, ասում են, որ երազում են արտահանման մասին, ուսումնասիրում են գրականություն և փորձում արտերկրում գործընկերներ գտնել, բայց առայժմ՝ ապարդյուն: Արտահանման խնդիրներով զբաղվող պետական կառույց չկա:

2011-ին հաստատվել է «ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման» ռազմավարությունը, որով նախատեսվում է Եվրամիության պահանջներին համապատասխանող սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրում, այդ թվում՝ մեղրի: Հարցումների արդյունքում և մեղվաբուծական տնտեսությունների հնարավորությունների գնահատմամբ՝ պարզվել է, որ դրանք պատրաստակամ են և ունեն հնարավորություններ մեղրի արտադրությունը 3-4 անգամ ավելացնելու: Անցած տարիներին մեղրի արտադրության ոլորտի ՀՀ օրենդրությունը և ստանդարտները մոտարկվել են ԵՄ օրենսդրությանը, ընդունվել անհրաժեշտ իրավական ակտեր ու ստանդարտներ և սահմանվել համապատասխան ընթացակարգեր, որպեսզի հնարավոր լինի մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանումը ԵՄ անդամ երկրներ։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը վստահեցնում է՝ ԵՄ բոլոր պահանջները կատարվել են՝ մշակվել է մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը, որը հավանության է արժանացել ԵՄ Սպառողների առողջության պաշտպանության գլխավոր տնօրինության կողմից, վերազինվել են 2 լաբորատորիաները, մեղրի փորձաքննության արդյունքներն ուղարկվել են, և որևէ առարկություն կամ դիտարկում չի ստացվել, շուտով կուղարկվեն երկրորդ փորձաքննության արդյունքները:

«Այս տարի աշնանը վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ ԵՄ Սպառողների առողջության պաշտպանության գլխավոր տնօրինության կողմից որոշում կկայացվի և, կարծում եմ, շուկան կբացվի ՀՀ արտադրողների համար: Չկա որևէ խանգարող հանգամանք: Եթե համաձայնությունը տրվի, հաջորդ օրն իսկ արտադրողները կկարողանան արտահանել, միայն կմնա, որ իրենց սպառողին գտնեն»,- ասում է Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս