Բաժիններ՝

ՀՀ քաղաքացիների մոտ 15%-ը դեռ տեղյակ չէ կենսաթոշակային բարեփոխումներից

Հայաստանի բնակչության 15.15%-ը դեռ տեղյակ չէ, որ 2014թվականից նոր կենսաթոշակային համակարգ է գործելու երկրում: Կենսաթոշակային բարեփոխումներին տեղյակ մարդկանց 57.8%-ը մինչև 40 տարեկան է. դա պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կեսից ավելին է: Ընդ որում՝ Երևանում և մարզերում քաղաքացիները գրեթե հավասար չափով են (մոտ 85%) իրազեկված կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Այս տվյալները պարզվել են «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամի կողմից վերջերս անցկացված հարցումների արդյունքում:

168.am-ի հետ զրույցում ԿՀԻԿ-ի տնօրեն Կորյուն Սարգսյանը նշեց, որ մոտ 15% քաղաքացիների անտեղյակությունը կենսաթոշակային բարեփոխումներից խնդիր է, բայց անհանգստանալու կարիք չկա. «Կգա պահը՝ 2014 թ. հունվարի 1-ը, և, ուզեն-չուզեն, կտեղեկանան»:

Ըստ նրա՝ այլ խնդիր է, թե բնակչությունը որքանով է տեղյակ, թե ինչ նպատակով է լինելու փոփոխությունը, նաև մարդկանց իրազեկվածությունը ցածր է այն առումով, թե ինչպես է դա իրականացվելու, ինչ մեխանիզմներ են կիրառվելու. «Այստեղ բավականին երկարաժամկետ աշխատանքի կարիք կա»:

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության առաջին աղբյուրը հեռուստատեսությունն է՝ կարծում է հարցվածների 46.7%-ը, 2-րդը՝ համացանցում առկա նյութերը (25.5%), իսկ մարզերում իրազեկմանը նպաստել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, որի հետ անցած տարեվերջին ԿՀԻԿ-ը հատուկ ծրագիր է իրականացրել:

Հարցվածների մոտ 45%-ը կողմ է եղել, որ ապագա կենսաթոշակի չափը կախված լինի իրենց աշխատավարձից կուտակված գումարից, իսկ մոտ 16%-ը կտրուկ դեմ է եղել: 23%-ը դժվարացել է վերաբերմունք հայտնել նոր համակարգի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս