Բաժիններ՝

50-ից ավելի փորձագետների դուրս են արել Գիտության պետական կոմիտեի փորձագիտական բազայից

«Փորձագիտություն անցկացնելու մեր համակարգն ամենալավ համակարգն է ամբողջ ԱՊՀ տարածքում: Բազմաթիվ ԱՊՀ երկրներ ցանկանում են անգամ այդ համակարգը գնել, որովհետև այն բավականին լավ է աշխատում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` նշելով, որ համակարգի լավ աշխատելու չափանիշն այն է, որ տեղացի և արտասահմանցի փորձագետների գնահատականները շատ մոտ են իրար, իսկ հակառակ պարագան կնշանակեր, որ ինչ-որ բան այն չէ:

«Երբ և՛ տեղացին, և՛ արտասահմանցին մոտավորապես հավասար գնահատականներ են նշանակում, դա նշանակում է, որ փորձաքննությունը բավականին լավ է անցել:  Իհարկե, ես չեմ կարող պնդել, որ 100% ճշգրտություն է. մենք փոքր երկիր ենք, և չի բացառվում, որ տեղացի փորձագետը զանգի և, օրինակ` Պողոսին ասի, որ նրա ծրագիրը իր մոտ է փորձաքննության ուղարկված»,- ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահը` նշելով, որ նախկին մրցույթի ժամանակ իրենք հայտնաբերել են 50-55 նման փորձագետների, ովքեր իրենց նորմալ չէին պահել, և այդ մարդկանց անուններն այլևս կոմիտեի փորձագիտական բազայից դուրս են եկել:

«Ես բազմիցս ասել եմ, որ այն փորձագետները, որոնք կխախտեն փորձաքննության կարգերը, փորձաքննության բազայից դուրս կգան և երբեք մեր փորձագետը չեն լինի այլևս: Իսկ պետության մեջ լինել ոլորտի փորձագետ, իհարկե, շատ բարձր պատիվ է ցանկացած գիտնականի համար»,- ասաց Ս. Հարությունյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս