Բաժիններ՝

Եվրոպական ավտոշուկան կրկնել է 20-ամյա վաղեմության ցուցանիշը

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին կեսին ԵՄ-ում վաճառվել է ընդամենը 6.2 միլիոն նոր ավտոմեքենա: Այս մասին նշված է Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) ամսական մամլո հաղորդագրությունում:

Դրանում նշված է, որ այս տարվա առաջին կեսին վաճառված ավտոմեքենաների քանակը կրճատվել է 6.6 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Նմանատիպ փոքր քանակությամբ ավտոմեքենաներ Եվրոպայում չէին վաճառվել առնվազն 1993 թվականից սկսած:

Այս տարվա հունիսին շուկայի կրճատումը կազմել է 5.6 տոկոս: Նոր ավտոմեքենաների հարցում եվրոպական խոշորագույն վաճառաշուկան շարունակում է մնալ Գերմանիան, ուր այս տարվա առաջին կեսին վաճառվել է 1.5 միլիոն ավտոմեքենա (8.1 տոկոսանոց անկում՝ համեմատած նախորդ տարվա առաջին կեսի հետ):

Ֆրանսիայում վաճառվել է 1.048.000 ավտոմեքենա (11.2 տոկոսանոց անկում), իսկ Մեծ Բրիտանիայում՝ 1.057.000 ավտոմեքենա (10 տոկոսանոց աճ): Մնացյալ երկրներում վաճառված ավտոմեքենաների քանակը չի գերազանցել մեկ միլիոնի սահմանագիծը:

ԵՄ-ի անդամ երկրներում ամենամեծ անկումը գրանցվել է Կիպրոսում, ուր շուկան կրճատվել է 42.7 տոկոսով: Բացի այդ, Կիպրոսը վաճառված ավտոմեքենաների ցուցանիշով զբաղեցրել է վերջին տեղը. այս տարվա առաջին կեսին այնտեղ վաճառվել է ընդամենը 3700 ավտոմեքենա:

10.000-ի ցուցանիշին չեն հասել նաև Բուլղարիան, Լատվիան ու Լիտվան: Ինչ վերաբերում է կոնկրետ ավտոարտադրողներին, ապա նախկինի նման Եվրոպայում գերիշխում են Volkswagen Group-ի ավտոմեքենաները (Volkswagen, Audi, Skoda և այլն):

Այս ընկերությունը վաճառել է 1.5 միլիոն ավտոմեքենա՝ զբաղեցնելով շուկայի 24.8 տոկոսը: Peugeot-Citroen խմբի բաժնեմասը 12.2 տոկոսից նվազել է մինչև 11.3 տոկոսի, իսկ Renault խմբի բաժնեմասը 8.6 տոկոսից աճել է մինչև 8.8 տոկոսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս