
Ճապոնիային անհանգստացրել է այն, որ չինական ռազմանավերն առաջին անգամ հայտնվել են Օխոտի ծովում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է Չինաստանի ռազմածովային ուժերի գործողություններին, որի ռազմանավերն իրենց պատմության մեջ առաջին անգամ այս ամիս հայտնվել են Օխոտի ծովում:
Այս մասին Տոկիոյում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան. «Հյուսիսային ջրատարածությունն այժմ նաև պահանջում է զգոնություն: Չինաստանի ռազմանավերն առաջին անգամ են հայտնվել այնտեղ: Մենք մանրակրկիտ հետևում ենք նրանց գործունեությանը»:
Ավելի վաղ Ճապոնիայի զինվորական իշխանությունները հայտարարել էին, որ հուլիսի 14-ին 5 չինական ռազմանավից բաղկացած նավախումբը անցել է Լապերուզի միջազգային նեղուցով և հայտնվել Օխոտի ծովում:
Դրանից առաջ այդ նավախումբը մասնակցել է Վլադիվոստոկի շրջանում Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հետ համատեղ անցկացրած զորավարժություններին: Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժությունների անցկացմամբ մարտահրավեր են նետել ԱՄՆ-ին: