Բաժիններ՝

Ամերիկացի երգչուհի Չիոմայի տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադևոսյանն է (տեսանյութ)

168.am-ի հետ զրույցում ռեժիսորը պատմում է իր և երգչուհու համագործակցության, առաջիկա նախագծերի մասին:

– Սուրեն, տեսահոլովակը ե՞րբ եք նկարահանել, որքա՞ն ժամանակում:

– Տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ երկու շաբաթ, նկարահանվել է մեկ ամբողջ օրում՝ մոտ 24 ժամում: Ինչ-ինչ պատճառներով մենք Չիոմայի հետ կապված կադրերը նկարահանել ենք երկրորդ անգամ՝ մոտ երկու շաբաթ անց: Տեսահոլովակը նկարահանվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ Լոս Անջելեսում:

– Ինչպե՞ս ստացվեց Ձեր և Չիոմայի համագործակցությունը:

Կարդացեք նաև

– Ես այդ ժամանակ բնակվում և աշխատում էի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Իմ լավ ընկեր, կոմպոզիտոր Արամ Ավագյանը (նա երգի հեղինակն է, ինչպես նաև՝ Չիոմայի պրոդյուսերը), ում հետ մենք այդ շրջանում արդեն աշխատել էինք շատ տեսահոլովակների շուրջ, զանգահարեց և ասաց, որ պետք է հանդիպել: «Երգը պատրաստ է, ուզում եմ լսես ու կարծիքդ ասես»,- ասաց նա: Ես սիրով նրան իմ ստուդիա հրավիրեցի և, երբ լսեցի երգը՝ շատ հավանեցի: Հետո նրանք առաջարկեցին, որ ես նկարահանեմ տեսահոլովակը, ամբողջովին վստահեցին ինձ և չխառնվեցին ոչ մի խնդրի մեջ:

– Տեսահոլովակում կարծես թե Դուք էլ եք նկարահանվել, ի սկզբանե այդպե՞ս էր սյուժեով որոշված:

– Այո, ես էլ եմ նկարահանվել, Արամ Ավագյանն է, բայց եթե Արամն օպերատորի դերում էր, ապա ես իմ մասնագիտական՝ ռեժիսորի դերում էի: Դա ուղղակի ինչ-որ չափով հումոր էր, արվել էր ողջ ստեղծագործական խմբի, ինչպես նաև՝ Չիոմայի որոշմամբ ու ցանկությամբ:

– Ընդհանուր առմամբ հե՞շտ էր Չիոմայի հետ աշխատել:

– Չիոման շատ բարի, ուրախ և էներգիայով լի անձնավորություն է, այդպիսի էներգիայով օժտված երգչուհու հետ առաջին անգամ  էի աշխատում: Չէր խանգարում, միայն օգնում էր, ես գոհ եմ (ժպտում է.- Գ.Ա.):

– Չիոման արդեն երկրորդ անգամ է հայերեն երգ կատարում, ինչպիսի՞ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ:

– Չիոման շատ է սիրում թե՛ հայերին, թե՛ հայերեն լեզուն: Ասեմ անկեղծ՝ մինչև անձամբ ծանոթանալը մտածում էի, որ դա ինչ-որ չափով միգուցե ձևական բնույթ է կրում, բայց տեսահոլովակից հետո հասկացա, որ նա շատ անկեղծ է: Նա հայերի շրջանում շատ ընկերներ ունի, չնայած այն հանգամանքին, որ բնակվում է Նյու Յորքում, այլ ոչ թե հայաշատ Լոս Անջելեսում:

– Նկատելի է, որ վերջին շրջանում մեր երգարվեստի ներկայացուցիչների համար տեսահոլովակներ քիչ եք նկարահանում, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Իմ սրտով առաջարկներ քիչ են լինում: Խոսքս թե՛ որակի, թե՛ ֆինանսական վիճակի մասին է: Ի՞նչ խոսք՝ ինձ խանգարում է նաև իմ ծանրաբեռնվածությունը հեռուստատեսության աշխատանքում: Չեմ կարող ասել, որ ընդհանրապես տեսահոլովակներ չեմ նկարահանում: Օրինակ, օգոստոսին երեք աշխատանք ունեմ կատարելու, բայց հիմնական ժամանակս ծախսում եմ ֆիլմիս՝ վերջնական սցենարի շտկման և ավարտի վրա:

– Նոր նախագծի մասին ասացիք, կարո՞ղ եք մանրամասնել:

– Միաժամանակ երկու լայնամետրաժ ֆիլմերի նախագծերի վրա եմ աշխատում: Առաջինը համեմատաբար փոքր բյուջեով ֆիլմ է, հուսով եմ՝ հնարավոր կլինի Հայաստանում ֆինանսներ գտնել և իրագործել: Ֆիլմը, եթե կարճ նկարագրեմ, կարելի է ասել, «հոգեբանական թրիլլեր» է: Երկրորդ նախագիծը շատ ավելի մասշտաբային և ծավալուն է: Ինձ համար շատ կարևոր թեմա է. այն փախստականների, Հայաստանից արտագաղթողների մասին է: Այս ֆիլմի մասին ես սկսել եմ մտածել և աշխատել դեռ 14 տարի առաջ՝ 1999 թվականին, երբ ինքս ընտանիքով Հայաստանից մեկնեցի Իսպանիա: Ֆիլմը նախատեսվում է մեծ բյուջեով նկարահանել, և մենք աշխատում ենք իսպանական, ֆրանսիական պրոդյուսերների հետ համագործակցության եզրեր գտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս