Բաժիններ՝

Քաղաքացիների և բանկերի միջև վեճերի լուծման կարգը խնդրահարույց է

«Այսօր մեր քաղաքացիները բանկերից վարկեր ստանալիս կամ բանկերի հետ այլ գործարքներ կնքելիս ստորագրում են պայմանագրեր, որոնցով վեճերը լուծվում են Ֆինանսական արբիտրաժի միջոցով: Ֆինանսական արբիտրաժը հիմնվել է ՀՀ բանկերի միության կողմից, որն էլ ստեղծված է պաշտպանելու և ներկայացնելու բանկերի շահերը: Հետևաբար, երբ մարդիկ բանկերի հետ խնդիր ունենալիս իրենց վեճերը ստիպված են լուծել հիմնականում այդ ֆինանսական արբիտրաժի միջոցով, առավել քան կարևոր է դրա անաչառ և անկողմնակալ աշխատանքը, իսկ դա էլ իր հերթին հնարավոր է միայն, երբ արբիտրների ցանկը և ընտրության կարգը վստահություն ներշնչեն հանրությանը»:

Այս մասին նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գրասենյակում հրավիրված կլոր սեղանին, որին մասնակցում էին ՀՀ բանկերի միության նախագահը, հայաստանյան խոշոր բանկերի կառավարիչներ, Ֆինանսական արբիտրաժի նախագահը, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, փաստաբաններ, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետներ:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը ողջունեց Պաշտպանի նախաձեռնությունը նման քննարկում կազմակերպելու հարցում և նշեց, որ Ֆինանսական արբիտրաժը հանդիսանում է ամենաարդյունավետ միջոցը բանկի և հաճախորդի միջև հնարավոր վեճերի լուծման համար և ընդունեց, որ այն ունի իր գործունեութունը կատարելագործելու կարիք: Այդ նպատակով նա հայտնեց իրենց միության պատրաստակամությունը քննարկել հարցի լուծմանն ուղղված առաջարկությունները:

Հանդիպմանը ներկա Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր խոսքում հատկապես կարևորեց Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դատական համակարգում առկա ներկայիս թերությունները:

Ի վերջո, քննարկման արդյունքում պարզվեց, որ Ֆինանսական արբիտրաժի կանոնադրությունում հստակ նշված է, որ միայն ՀԲՄ խորհուրդն է հաստատում արբիտրների անվանացուցակը: Ներկայումս այդ ցուցակում ներառված են 8 արբիտրներ և վիճող կողմերը միայն այդ ցուցակից կարող են ընտրություն կատարել, մինչդեռ «Առևտրյաին արբիտրաժի մասին» օրենքը, ինչպես նաև Նյու Յորքի կոնվենցիան և միջազգային այլ փաստաթղթեր ամրագրել են արբիտրաժային վեճի արբիտր ընտրելու կողմերի ազատության իրավունքը: Նման սահմանափակումը և նոր արբիտրների ընգրկման ճկուն մեխանիզմների բացակայությունը չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը:

Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները համաձայնվեցին, որ նպատակահարմար է ընդլայնել արբիտրների անվանացուցակը, առաջիկայում մշակել ֆինանսական արբիտրաժի գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կոնկրետ փոփոխությունների առաջարկություններ և, ՀՀ բանկերի միության հետ գործակցելով, վերանայել եղած կարգավորումները:

Պաշտպանի աշխատակազմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս