«Պատանի հնագետ» դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտները հավաստագրեր ստացան
Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Պատանի հնագետ» դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը, որին ներկա էին նաև Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանս իացի հնագետները:
Ողջունելով դպրոցի սաներին և նրանց ծնողներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը կարևորեց հնագիտական ժառանգության պահպանությանն ուղղված ցանկացած կրթական նախաձեռնություն և ընդգծեց, արգելոց-թանգարանի հետևողականությունը դպրոցի աշխատանքների բարելավման ուղղությամբ:
Էրեբունիում պեղումներ իրականացնող ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը իր խոսքում նշեց, որ թեև դպրոցն ընդամենը 2 տարեկան է, սակայն ուսումնական պրոցեսի կազմակերպումը բավականին տպավորիչ է և հուսադրող: Նա նաև կատակեց` պատանի հնագետներին անվանելով «կոլեգաներ»: Նկատելով, որ հնագիտությունը նվիրում է, որը շատ ավելի արթուն է վաղ տարիքում, Ստ. Դեշամպը հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունն իրապես նոր սերնդի շրջանում կնպաստի հնագետի մասնագիտության խրախուսմանը:
«Պատանի հնագետ» դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտները 14-ն էին, նրանցից ամենից կրտսերը` 6 տարեկան Արտուշ Խաչատրյանն այս տարի է հաճախելու դպրոց:
«Պատանի հնագետ» դպրոցը կրթական նախագիծ է, որն իրականացվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Դասընթացի հեղինակը թանգարանի աշխատակից, երիտասարդ գիտնական Միքայել Բադալյանն է:
«Էրեբունի» արգելոց-թանգարան