«Շատ մոտ ենք ավարտուն տեսքի բերելու մեր Ասոցացման համաձայնագիրը»

«Կդադարեմ խոսել, երբ նկատեմ, որ Ձեր քառորդից ավելին արդեն քնած է»,- այսպիսի կատակով սկսեց իր ելույթը Եվրոպական միության (ԵՄ) ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով եվրոպական մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եկել էր Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հանդիպելու հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ:

Ի դեպ, եվրոպացի դիվանագետի ելույթը, ինչպես ինքն էր կանխատեսում, իրոք երկար ստացվեց: Նշենք, որ մինչ այս հանդիպումը Շտեֆան Ֆյուլեն հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ԵՄ-ի հանձնակատարը նշեց, որ բավական երկար ու հետաքրքիր զրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Պարոն Ֆյուլեն նշեց, որ շատ ուրախ է տեսնել, թե ինչպես է Հայաստանն օգտվում ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրից, և որքան կարևոր դեր է խաղում այդ գործընկերության շրջանակներում:
«Միշտ էլ հաճելի է այցելել Հայաստան և տեսնել ծաղկուն այն մշակույթի արմատները, որն այդպիսի մեծ ազդեցություն է թողել աշխարհով մեկ»,- շարունակեց Շտեֆան Ֆյուլեն:

Մինչ ԵՄ-ի Արևելյան գործընկերության քաղաքականության ծրագրին անցնելը` ԵՄ-ի հանձնակատարը հարցը դիտարկեց ավելի խորը համատեքստում` անդրադառնալով պատմության և քաղաքակրթության զարգացմանը, և խոսեց համաշխարհային միտումների ու գլոբալիզացիայի մասին, որոնք, ըստ նրա, պետություններից ոչ միայն պահանջում են գոյատևել, բարգավաճել և ստեղծել աշխատատեղեր, այլ նաև ավելին` ստեղծել պայմաններ արձակելու և բավարարելու ստեղծագործ ներուժը, որը կուտակվում է հասարակությունների մեջ:

Այս ներուժն իրացնելու համար Եվրոպային պետք է տեսլական և ճանապարհային քարտեզ, և հենց սրանով է ԵՄ-ն կարևորում «գնալով ավելի փոխկապակցված աշխարհում» նոր գործընկերներ ձեռք բերելու, այսինքն` ընդլայնման, հարևանության և արևելյան գործընկերության քաղաքականությունը: Իսկ Եվրոպայի նոր գործընկերները, ըստ եվրոպացի դիվանագետի, պետք է լինեն կանխատեսելի, վստահելի և առաջնորդվեն խաղի նույն կանոններով:

«Ես հավատում եմ, որ մենք հիմա կարևոր պահ ենք ապրում ԵՄ-Հայաստան հարաբերություններում, մենք մշակում ենք մի գործընկերություն, որը և՛ ավելի լայն է, և՛ ավելի խորը, քան եղել է մինչ օրս: Շատ մոտ ենք ավարտուն տեսքի բերելու մեր Ասոցացման համաձայնագիրը` ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին, և ես վստահ եմ, որ սա կոնկրետ օգուտներ կբերի և կոնկրետ հնարավորություններ կբացի բոլոր քաղաքացիների համար»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն:
Բացի ԵՄ-ի հետ 500 մլն սպառող ունեցող շուկայում կարևոր առևտրային համագործակցություն առաջարկելը` Ասոցացման համաձայնագիրը նաև անդրադառնում է շատ այլ հարցերի, որոնք կարևոր են առօրյա կյանքի համար, օրինակ` կբարելավվի սպառողների պաշտպանությունը, ճանապարհների անվտանգությունը, օդային հաղորդակցությունը և այլն: Ըստ Ֆյուլեի` ԵՄ-ի համար գործընկերությունը վերաբերում է ոչ միայն տնտեսությանը կամ բիզնեսին, քանի որ համաձայնագրի բաղադրիչները կդառնան մարդու իրավունքները և ժողովրդավարությունը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսվում է ս. թ. նոյեմբերին` Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, որտեղ կկայանա Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների երրորդ գագաթաժողովը: Ժամկետների մասին խոսեց նաև պարոն Ֆյուլեն` կրկին դիմելով դիվանագիտական կատակի հնարքին:

«Եթե դուք վերջնաժամկետները բաց թողնեք, մենք ձեզ դատի կտանք: Կատակում եմ: Սրանք լուրջ բանակցություններ են, որոնք ամիսներ տևեցին (այդ պահին կողքին նստած գործընկերն ուղղեց Ֆյուլեին` «տարիներ».- Ա.Ս.), այո՛, ճիշտ եք, տարիներ: Սա իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, դրա համար էլ ես ասացի, որ այն պետք է հրապարակվի, բացատրվի իշխանությունների կողմից, բանակցող թիմը պետք բացատրի հասարակությանը, թե այնտեղ ինչ կա ժողովրդի համար: Պետք է բացատրել, թե ինչպես են այս լավ ու դրական բաներն ազդելու մարդկանց վրա` դրանց իրականացման միջոցով»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն: Հանձնակատարը նշեց, որ այդ փաստաթուղթը պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանի, ինչպես նաև` ԵՄ բոլոր անդամների կողմից, և ավելացրեց, որ իրենք ստեղծում են բոլոր հնարավորությունները, որ և իշխանությունները, և բոլոր կարևոր դերակատարները կարողանան իրականացել այս համաձայնագիրը:

«Դուք ինձ կարող եք հարցնել` ինչպե՞ս արթնացնել այն ստեղծագործ ներուժը, որի մասին ես սկզբում խոսեցի, հենց այդ էական տարրերի միջոցով»,- շարունակեց նա,- Ասոցացման համաձայնագիրը և դրա մասը կազմող Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտին երկար ժամանակ պահանջեցին բանակցելու համար»:
Նա ընդգծեց, որ պատճառներից մեկը, որի համար ինքը ցանկանում է հասնել համաձայնագիրը վերջնական տեսքի բերելուն և քաղաքացիներին ներկայացնելուն, այն է, որ համաձայնագիրը ոչ միայն նոր էջ կբացի Եվրոպա-Հայաստան հարաբերություններում, այլև Հայաստանի ներքին զարգացման համատեքստում:

«Մենք պատրաստ ենք ոչ միայն տրամադրել ֆինանսական օժանդակություն մեր կողմից, այլ նաև խրախուսել այլ միջազգային նվիրատուների` սատարել բարեփոխումների նախագծերին»,- ասաց նա:

Շարունակելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների թեման` ԵՄ-ի հանձնակատարը հրապարակեց այդ հարաբերությունների հիմնական 6 գերակայությունները:

1. Ժողովրդավարություն. այստեղ, ըստ Ֆյուլեի` առաջընթաց կա, բայց պետք է շարունակել իրականացնել այն հանձնարարականները և առաջարկությունները, որոնք ներկայացրել է ԵԱՀԿ-ն` վերջին ընտրություններից հետո` ներառյալ օրենսդրական դաշտի որոշ փոփոխություններ:
2. Մարդու իրավունքներ. սա համատեղ արժեքների այն անկյունաքարն է, որը Եվրոպան ցանկանում է խրախուսել ասոցիացման մեջ:
3. Հիմնարար ազատություններ. որպես մեկ օրինակ` Շ.Ֆյուլեն նշեց, որ պետք է արդիականացվի հեռարձակման մասին օրենսդրությունը` համապատասխանեցնելով ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջարկների հետ:

4. Հավասարություն. «Այստեղ քայլեր պետք է ձեռնարկել` օրենսդրությունը Եվրոպական միության օրենսդրության հետ` սեռային հավասարության և խտրականության բացառման ասպարեզում»,- ասաց Շ. Ֆյուլեն:
5. Կոռուպցիայի դեմ պայքարի ինտենսիվացում։
6. Բարեփոխել կառավարումը և ամրապնդել հաստատությունները. «Սրանց մեջ կենտրոնական կլինեն այն միջոցները, որոնք կուղղվեն իրավապահ և դատաիրավական համակարգը, հատկապես` հասարակության վստահությունը դատաիրավական համակարգի հանդեպ բարձրացնելու առումով»,- նշեց նա:
Ավարտելով խոսքը` Շտեֆան Ֆյուլեն անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտությանը:

«Գիտեմ, որ սա ցավոտ թեմա է, բայց սա այն թեման է, որը ԵՄ-ն չի կարող թաքցնել թե՛ Բաքվում, թե՛ այստեղ` Երևանում: Կոչ եմ անում Հայաստանին զարկ տալ իր ջանքերին` հասնելու Հայաստանի հետ համաձայնության, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա: Մենք կշարունակենք օժանդակել այդ գործընթացին` խրախուսելով հակամարտության հանգուցալուծման առաջընթացը,- ասաց ԵՄ-ի հանձնակատարը և ավելացրեց,- ԵՄ-ն հստակ նպատակ է հետապնդում ավելի խորը հարաբերություններ կառուցելու բոլոր հայերի հետ` ամբողջ քաղաքական ներկապնակի հետ, լինեն դրանք բիզնես շրջանակները, քաղաքացիական հասարակությունը թե հանրությունըգ ԵՄ-ի զարգացման և ինտեգրացիայի մոդելը գործում է` ելնելով «ինչ-որ տեսնում ես, այն է, ինչ կստանաս» սկզբունքից»:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս