Հայկ Ալումյան. Քննությունը միակողմանի է ընթանում
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 9-ին մեղադրանք առաջադրվեց սպա Արտակ Բուդաղյանին:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու համար (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը): Սակայն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ քննիչ Ղազարյանն իր որոշման մեջ գրել է, որ Ա. Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել «այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013-ի հունիսի 1-ին, ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից` սպանության սպառնալիքներ է տվել Ս. Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:
Մեղադրանքի առաջադրումից հետո Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Ա. Բուդաղյանին առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում: Այսօր, սակայն, գործի հետ կապված նոր հանգամանքներ է բացահայտել Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Մասնավորապես, վերջինս ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, թե իր տղաները Սյունիքի նախկին մարզպետի տան վրա չեն հարձակվել, այնտեղ գնացել են վերջինիս կանչով:
Ավելին՝ Բուդաղյան եղբայրների հայրն ասել է նաև, որ Ս. Խաչատրյանը կրակոցների անմիջական մասնակից է եղել: «Նա իրեն հեռու է պահել տեսախցիկներից և եղել է բալկոնում, վերջում գնդակներ է խփել իրա ատրճանակներից, վերևից կրակողն էլ ինքն է եղել, երևում է, որ երկուսը կրակում է: Ինքը քնած չի եղել, որ քնած լիներ, Մսրա Մելի՞քն էր, ո՞վ էր, էդքան կրակոցներից, ղժժոցներից նա չարթնացա՞վ»,- ասել էր նա: Իսկ Սուրիկ Խաչատրյանը News.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Բուդաղյանների ընտանիքն իր համար «հարգված ընտանիք» է եղել, նրանց ընտանիքում ոչ արյուն է թափել, ոչ էլ բարոյականության հետ կապված խնդիր է ունեցել: Նաև ասել էր, թե իր համար կատարվածի պատճառը «հասկանալի չէ»: Նշված և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեցինք Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
– Պարո՛ն Ալումյան, օրեր առաջ Դուք հայտարարել էիք, որ չմոնտաժված տեսանյութն ամբողջությամբ փոխում է պատկերը: Գործի նյութերին որպես ապացույց կցվա՞ծ է ամբողջական տեսանյութը, թե՞ դրա մոնտաժված տարբերակը, այսինքն՝ այն, որը տեսել է նաև հանրությունը:
– Քրեական գործի տեսանյութն ավելի լրիվ է, քան այն, ինչ դուք տեսել եք:
– Այսինքն՝ Ձեր ասած հանգամանքները երևո՞ւմ են տեսանյութում:
– Հուսով եմ, որ երևում են:
– Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ վերջինս հունիսի 1-ին եղբորից՝ Ավետիք Բուդաղյանից տեղեկացել է, որ նրան ծեծի են ենթարկել մեքենայի մեջ: Նույնը aravot.am-ի հետ զրույցում ասել էր նաև Բուդաղյանների հայրը: Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար քրեական գործի շրջանակներում մեղադրյալներին մեղադրանք առաջադրվե՞լ է:
– Ո՛չ, չկա առաջադրված մեղադրանք:
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ծեծի ենթարկելու համար մեղադրանք առաջադրված չէ:
– Կարծում եմ, որ պիտի առաջադրվեր: Իսկ ինչո՞վ է պայմանավորվածգ հավանաբար պայմանավորված է քննության միակողմանիությամբ: Այն, որ քննությունը միակողմանի է ընթանում, դա փաստ է: Դա պարզ երևում էր սկզբնական շրջանում: Ծեծի համար նրանց մեղադրանք չառաջադրելը հավանաբար այդ նույն պատճառն ունի: Պատճառը նույն բանն է՝ քննության միակողմանիությունը:
– Պարո՛ն Ալումյան, իսկ պատրաստվո՞ւմ եք միջնորդություն ներկայացնել, որպեսզի Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար ևս մեղադրանք առաջադրվի:
– Թե կոնկրետ ինչի համար եմ միջնորդություն ներկայացնելու՝ չեմ ցանկանում հիմա հրապարակել: Երբ կանեմ, դրանից հետո նաև կհրապարակեմ, բայց նախապես չեմ ուզում ասել, թե ինչ եմ անելու:
– Այնուամենայնիվ, կարծում եք, որ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար ևս մեղադրանք պետք է առաջադրվի՞:
– Գիտեք՝ դեռ որոշ տվյալներ կան, որոնց ես ինքս պիտի ծանոթանամ, որից հետո նոր կկարողանամ այդ հարցին պատասխանել:
– Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, հայտարարել է, որ կրակել են նաև վերևից: «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել»,- ասել էր նա: Բուդաղյանների հոր հայտարարության աղբյուրը դեպքի տեսագրությո՞ւնն է, թե՞ փորձաքննության արդյունքում պարզված հանգամանքները:
– Ավելի լավ է, որ մենք հիմա չխոսենք, թե նա ինչով է դա հիմնավորում: Ինքը ցուցմունքների մեջ դրա մասին նշելու է, հիմա չստացվի, որ մենք մինչև ցուցմունք տալն այդ տվյալները նախապես հրապարակայնացնում ենք: Ցուցմունք կտա նաև այդ հարցերի մասին, դրանից հետո, երբ հնարավոր լինի հրապարակել այս տեղեկությունը, մենք դա, իհարկե, անմիջապես կհրապարակենք:
– Բուդաղյանների հայրը նաև հայտարարել էր, որ նախաքննությունը ճիշտ հակառակ ուղղությամբ և տրամաբանությամբ է ընթանում: Համաձա՞յն եք հնչած կարծիքի հետ:
– Պատրաստ եմ ստորագրել այդ կարծիքի տակ:
– Մասնավորապես ի՞նչը նկատի ունեք:
– Սկսած՝ ՀՀ զինդատախազի հրապարակային ոչ մեկ անգամ արված հայտարարություններից, վերջացրած՝ երեկվա այդ փաստով, որ Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու փոխարեն` մեղադրանք առաջադրեցին:
– Պարո՛ն Ալումյան, մի քանի օր առաջ նամակով դիմել էիք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով ծառայողական քննություն նշանակել այդ օրը Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը խուզարկություն անցկացրած ոստիկանների նկատմամբ: Ձեր խոսքով՝ առանձնատանը կատարված խուզարկության ժամանակ թույլ են տրվել այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն են տվել ցանկության դեպքում տանը գտնվող զենքերը թաքցնել: Արդեն ստացե՞լ եք ոստիկանապետի պատասխանը:
– Պատասխան չունեմ դեռ և կարծում եմ` դեռ այդ պատասխանը շուտ չի լինի, որովհետև ես մատնանշել եմ փաստեր, որոնք, իմ կարծիքով, պետք է ստուգման ենթարկվեն: Այդ առումով կարծում եմ, որ ժամանակ անհրաժեշտ կլինի իրեն: Եթե իրենք մտադրված լինեն այդ փաստերը ստուգել, ապա, իհարկե, իրենց ժամանակ է անհրաժեշտ լինելու:
«168 ԺԱՄ»