Գյուղի 4 տարեկան երեխան գիտի, որ ընտանիքում ցամաք հացի խնդիր կա
alttv.am-ը գրում է. «Երբ Նապոլեոնին հարցրեցին, թե ինչպես գրեն Ֆրանսիայի սահմանադրությունը, նա պատասխանեց. «Կարճ և անորոշ»: Մեզանում յուրաքանչյուր քայլափոխի ամենատարբեր հարթություններում կարելի է հանդիպել կարճ և անորոշ ձևակերպումների կամ պատասխանների:
Հանրության առջև նման ձևակերպումներով հաճախ հանդես է գալիս գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Օրինակ, մի 2 տարի առաջ ցորենի էլիտար սերմացուի անորակությունը թաքցնելու համար որոշեց, որ տարին անբարենպաստ է եղել, իսկ սերմացուն՝ որակյալ: Այս տարի Արմավիրի մարզի ապրիլի 23-ի և 24-ի ցրտահարությունը, մայիսի 12-ի աղետալի կարկուտը չհամոզեցին գյուղնախարարին, որ տարին գյուղացիների համար ոչ թե բարենպաստ, այլ ողբերգական էր:
Ըստ alttv.am-ի՝ Գյուղատնտեսության նախարարությունն արդեն նախապատրաստում է հասարակությանը, որ տարեվերջին գյուղատնտեսության բնագավառում երկնիշ տնտեսական աճ է արձանագրելու: Այդ են վկայում Սերգո Կարապետյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ չմշակվող հողատարածքների ծավալները կրճատվել են, ծիրանի արտահանման ծավալները կրկնապատկվել են, կրկնապատկվել են նաև պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները: Տարեվերջին մնում է մի 2 չվերահսկվող թիվ հավաքել գյուղապետերից և արձանագրել, որ Հայաստանի գյուղատնտեսությունն այս տարի աննախադեպ բերքատվություն է ապահովել և մի 30 տոկոս էլ տնտեսական աճ է ապահովել: Սրանք թվեր են, որոնց ճշտությունը ստուգելու ոչ մի մեխանիզմ չկա, սակայն կան թվեր, որոնք այլ բան են ասում:
Կայքի փոխանցմամբ՝ եթե առաջ հաշվում էին, որ այս կամ այն համայնքում այսքան գյուղատնտեսական նշանակության հողատարածք չի մշակվում, այսօր ավելի հեշտ է մշակվողը հաշվել, ինչպես օրինակ, Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս գյուղը, որտեղ, ըստ գյուղացիների, գյուղնշանակության հողատարածքների 80 տոկոսն անմշակ է մնացել:
Կամ օրինակ, Կամսար Ստեփանյանը, ով Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքում ծիրանի 1,1 հեկտար այգի ունի, ամեն տարի ստացել է 17-20 տոննա ծիրան, այս տարի կարկտահարության պատճառով ստացել է 4-4,2 տոննա 50 դրամանոց անորակ ծիրան:
Գյուղացու սոցիալական վիճակը վաղուց անցել է ծայրահեղ աղքատության սահմանը: Նույնիսկ գյուղացի 3-4 տարեկան երեխան, գիտակցելով, որ իր ծնողներն օրվա ցամաք հացի խնդիր ունեն, ցանկանում է իր մանկական ֆիզիկական ուժով մասնակցություն ունենալ այդ խնդրի լուծման գործում. երեխան արդեն արհեստավարժ կանաչի հավաքող ու մաքրող է դարձել:
Մի կողմից գյուղերի համատարած աղքատությունը, վարկերը, արտագաղթը, մյուս կողմից էլ գյուղնախարարի հայտարարություններն ամբողջական են դարձնում գյուղի գունապնակը:
alttv.am-ի փոխանցմամբ՝ քանի որ Սերգո Կարապետյանը սահմանափակվել է արտահանման և մթերման ցուցանիշներ հայտարարելով, լցվենք համբերությամբ և սպասենք գյուղմթերքների արտադրության ցուցանիշներին, որոնք, ի պատիվ գյուղնախարարի, վաղուց գերազանցել են խորհրդային տարիների ցուցանիշները: