Արդյոք Հայաստանի քաղաքացիները մեկնո՞ւմ են Եգիպտոս հանգստանալու
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ Հայաստանի քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Եգիպտոս այցելություններից: «Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157»,- նշված էր ԱԳՆ հայտարարության մեջ:
168.am-ը մի քանի տուրիստական գործակալություններից հետաքրքրվեց՝ արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ Եգիպտոսում հանգստի մեկնելու համար փաթեթներ գնած անձինք ետ են վերադարձրել դրանք: Մի քանի տուրիստական գործակալություններից մեզ հայտնեցին, որ վերջին շրջանում Եգիպտոսում հանգստանալ ցանկացողներ չեն եղել:
«Հելենս թրեվըլ» տուրիստական գործակալությունից մեզ հետ զրույցում ասացին, որ վերջերս Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված եղել են դեպքեր, երբ այնտեղ հանգստի մեկնողները հրաժարվել են ճանապարհորդությունից և ետ են տվել փաթեթները: Գործակալությունից, սակայն, դժվարացան ասել, թե որքան մարդ է հրաժարվել Եգիպտոսում հանգստանալու մտադրությունից: Միևնույն ժամանակ հայտնեցին, որ Եգիպտոսում հանգստանալ ցանկացողներին ներկայացվում է այնտեղ տիրող իրավիճակը, որպեսզի վերջիններս տեղյակ լինեն և որոշեն՝ արդյոք ցանկանո՞ւմ են իրենց հանգիստն այնտեղ անցկացնել, թե՞ ոչ: